«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
– Պարոն Էստուկյան, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի համար դատարանի որոշմամբ խնամակալ է նշանակվել նրա մայրը՝ 78-ամյա Մարի Մութաֆյանը: Այս խնամակալությունից հետո ի՞նչ գործընթաց է հաջորդելու:
– Արդեն այսօր պատրիարքի փոխանորդը Արամ Աթեշյան սրբազանն է՝ պատրիարքական պարտականությունների փոխանորդն է, այդտեղ Մարի Մութաֆյանը միջամտելու իրավիճակ չունի: Մարի Մութաֆյանը պատրիարքի անձնական խնամակալը դարձավ, քանի որ բժշկական տեղեկանքներով, դատաբժիշկների քննությամբ հաստատվեց, որ պատրիարքը որոշում կայացնելու ի վիճակի չէ, հետևաբար իր անհատական որոշումները փոխանցվեցին մորը: Բայց սա ոչ թե պատրիարքի որոշումների պատասխանատուն է, այդ իրավունքը դարձյալ Աթեշյանի մոտ է. օրինակ՝ կրոնական հաշիվների կամ նման բաների համար Մարի Մութաֆյանն է իրավասու, օրինական ներկայացուցիչ դարձել: Սա բնական է, այստեղ սխալ բան չկա, պարզապես այստեղ ամենակարևորը դատաբժշկական եզրակցությունն է, որ մեկ անգամ ևս հաստատեց, որ Մեսրոպ Մութաֆյանը գիտակցությունը կորցրած է և չի կարող որևէ պաշտոն վարել:
– Պարոն Էստուկյան, նաև նշված է, որ խնամակալության համար դատարան դիմած հայցվորներից Թաթյոս Բեբեքը հայտարարել է, որ դատարանի որոշմամբ Մութաֆյանն այլևս պատրիարք չէ, և պետք է նոր պատրիարքի ընտրություն անցկացնել, այս գործընթացը ո՞ր փուլում է:
– Ընտրության հույս չունեմ, քանի որ ընտրության հարցում արգելք դրվեց, և կառավարությունն էլ որոշում կայացրեց, որ Մասրոպ պատրիարքը մինչև չմահանա, փոխանորդը կշարունակի, մահից հետո նոր ընտրություն կանցկացնեն:
Բացի պատրիարքի ընտրություններից՝ հաջորդ խնդիրն այն է, որ մենք համայնքի հաստատությունների վարչությունների ընտրությունները անելու ի վիճակի չենք: Ոչ միայն մենք, այլ մեզ հետ միասին հույն, հրեա համայնքները: Մենք կորցրել ենք համայնքների հաստատությունների վարչության պետերին ընտրելու իրավունքը: Նոր կանոնագիրք է պատրաստվում, որին սպասում ենք: Եկող շաբաթ այս խնդրի հետ կապված պետք է տեղի ունենան համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ, որտեղ պետք է քննարկվեն նոր կանոնագրքի հետ կապված հարցեր: Որևէ շոշափելի արդյունք այս հարցի կապակցությամբ չունենք:
– Ընդհանուր առմամբ, Արամ սրբազանի նկատմամբ համայնքի վերաբերմունքն ինչպիսի՞ն է, դարձյալ շարունակո՞ւմ է անվստահություն հայտնել:
– Համայնքի մեջ Արամ Աթեշյանի նկատմամբ համակրանքը շատ զորավոր չէ, շատերը համոզված են, որ դա անբավարար է պատրիարք հովվապետի համար: Հստակ չգիտեմ՝ հիմա ընտրություններից հետո ինքը պետք է լինի՞, թե՝ ոչ, նրան չսիրողները շատ են, բայց չգիտեմ՝ ինչ կլինի ընտրությունների արդյունքում: Անշուշտ, Արամ սրբազանը պատրիարքի թեկնածու է, բայց տակավին ուրիշ ովքեր կլինեն թեկնածու, և համայնքը մի քիչ էլ նրանց համաձայն կլինի, այդպիսի դիրքորոշում կունենա, ուրիշ թեկնածուներն էլ կլինեն: Իսկապես մենք երեք անուններ ունեինք, երբ որ առաջին անգամ ընտրության հավանականություն գոյացավ. մեկը Գուգարաց թեմի առաջնորդն էր, մյուսը՝ Գերմանիայի հայոց առաջնորդը, մյուսն էլ Արամ սրաբազանն էր: Բայց այսօր եթե դարձյալ ընտրության հավանականություն լինի, նոր թեկնածուներ կհայտնվեն կամ նախորդները կշարունակեն թեկնածու մնալ՝ հստակ չէ: Հետևաբար՝ Արամի դեմ թեկնածություն առաջադրողների ինքնությունն էլ կարևոր դերակատարություն կունենա: Տեր Սեպուհ սրբազանը՝ Գուգարաց թեմի առաջնորդը, հեղինակություն է, ժողովրդի վրա տպավորություն է թողել նախորդ այցելությունների ժամանակ, բայց չեմ կարող հստակ բան ասել:
– Մինչև հիմա բոլոր պատրիարքները իշխանությունների հետ համագործակցած առաջ են գնացել, և նույնիսկ ապրիլի 24-ին մենք տեսանք, որ պատրիարքի փոխանորդը չեկավ Հայաստան: Ինչ եք կարծում՝ կարո՞ղ է ընտրվել մեկը, ով կկարողանա որոշակիորեն անկախ գործել Թուրքիայի իշխանություններից:
– Ով էլ լինի՝ Թուրքիայի իշխանությունների հետ առճակատում չի լինի այս պարագայում: Անշուշտ, անկախ կլինի, բայց առանց առճակատման: Ով էլ լինի՝ առճակատելուց պիտի խուսափի:










































