Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քատուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ էլ փորձել է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, եղել է այդ ուղղությամբ ակտիվ ջանք գործադրող և այսօր էլ աշխատում է կարգավորման գործընթացին նպաստելու համար, սակայն Ռուսաստանը չի կարող կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում նման հայտարարություն լսելը երևի թե նոր բան չէ, սակայն նախկինում նման ձևակերպումներով հանդես են եկել Մինսկի խմբի եռանախագահության մյուս երկրների ներկայացուցիչները, իսկ Ռուսաստանը կարծեք թե չի արել նման շեշտադրումներ: Ըստ էության, Պեսկովի այս հայտարարությունը հետաքրքրական է Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի, Պուտինի հետ հանդիպման և ընդհանուր տարածաշրջանային իրողությունների ֆոնին:
Երկար ժամանակ ռուսական մամուլում հայտնվում էին տարբեր տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանը փորձում է կողմերին նոր առաջարկներ ներկայացնել և հանգուցալուծել ներկայիս իրավիճակը: Ադրբեջանին այդ առաջարկները կարծեք թե գոհացնում էին՝ նկատի առնելով այն, որ Բաքուն խոստովանում էր դրանց առկայությունը, իսկ Երևանը՝ ոչ:
Ռուսաստանը երկար ժամանակ լռում էր՝ ըստ ամենայնի փորձելով առաջարկները առաջ մղել Երևանում: Սակայն ռուս-թուրքական հանկարծ բռնկված հակադրությունը ամեն ինչ ենթարկեց գլխիվայր շրջադարձի, որից հետո նաև փոփոխության ենթարկվեցին ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Միաժամանակ, Ռուսաստանը ստիպված եղավ որոշակիորեն փոխել իր մոտեցումները Հայաստանի մասով: Ի վերջո՝ Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը որևէ առաջարկ էլ չի ներկայացրել, և ընդհանրապես ոչ մի առաջարկ չկա:
Ահա այս ֆոնին էլ Պեսկովի հայտարարությունը, ըստ էության, հիմք է տալիս ենթադրելու, որ Ռուսաստանը, մեծ հաշվով, իր ջանքերը հայտարարում է ավարտված, այսինքն՝ իր առաքելությունը միանձնյա որևէ կարգավորում կամ հանգուցալուծում ապահովելու ուղղությամբ, հայտարարում է ավարտված, ընդ որում՝ անարդյունավետ: Մոսկվան, ըստ էության, ազդարարում է, որ ոչինչ անել չի կարող:
Բացառված չէ, որ սրանով է պայմանավորված նաև այն, որ վերջին շրջանում Ադրբեջանը սկսել է քայլեր կատարել Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ հույսը կտրելով Ռուսաստանից: Մյուս կողմից, իհարկե, Բաքուն այս ուղղությամբ էլ առանձնապես հույսեր տածել չի կարող, քանի որ Արևմուտքը առաջարկում է ներդնել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմներ, և նոր միայն շարունակել խոսակցությունը:
Ողջ խնդիրն այն է, որ այստեղ էլ Բաքվի հույսը երևի թե Մոսկվան է, որպեսզի այդ մեխանիզմի գաղափարը չդառնա իրականություն, որը արմատապես կփոխի իրադրությունը տարածաշրջանում: Եվ այստեղ, իհարկե, իր նախաձեռնությունների հաջողության հույսը կորցրած Ռուսաստանը անկասկած դեռ պահպանում է այլ, իր համար անցանկալի նախաձեռնությունները տապալելու հույսը: Իսկ որ դա Ռուսաստանի համար անցանկալի նախաձեռնություն է՝ վկայում է այն, որ Մոսկվան առ այսօր որևէ կերպ չի արտահայտվել այդ մեխանիզմի ներդրման օգտին:









































