Երեկ մենք անդրադարձել էինք վարչապետ Հովիկ Աբրահամյանից ու նրա որդուց՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանից «քցված» քաղաքացիներից մեկի խնդրին, որը վերջիններիս պատկանող, Ամիրյան փողոցում գտնվող National հյուրանոցի տեղում կառուցվելիք շենքում բնակարան ձեռք բերելու համար 2003 թվականին 40 հազար դոլար է վճարել, սակայն այսօր ոչ բնակարան ունի, ոչ ամբողջական գումարն է հետ ստացել։
Կառավարության առաջ բողոքի ակցիա իրականացնող Գեղարքունիքի մարզի բնակիչ Հենզել Աբրոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պնդում էր, որ 40 հազար ԱՄՆ դոլարը վճարել է 2003 թվականին, դեռևս այդ ժամանակ շենքի միակ շահագործող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ավտովթարից մահացած Մելիք Գասպարյանին պատկանող ընկերությանը։ Սակայն նրա մահից հետո քաղաքացուն և այդ շենքում բնակարան ձեռք բերել ցանկացող մյուս բնակիչներին պարզ էր դարձել, որ իրենք այլևս գործ ունեն Հովիկ Աբրահամյանի հետ։ «Մենք դիմեցինք դատարան, որպեսզի ստանանք մեր բնակարանները, սակայն դատավոր Կարինե Պետրոսյանը հայտարարեց, որ կամ պետք է մեր վճարած գումարները հետ վերադարձնեն, կամ ոչինչ էլ հնարավոր չէ անել։ Ստիպված մենք համաձայնեցինք։ Իմ վճարած 40 հազար դոլարից ինձ վերադարձրին 20 հազար դոլարը և նրա տոկոսները։ Այնուհետև մեզ պարզ դարձավ, որ արդեն ամեն ինչ ավելորդ է, քանի որ այդ ամեն ինչի հետևում կանգնած է Հովիկ Աբրահամյանը։ Հիմա մեր բնակարանների տեղում վարչապետի հյուրանոցն է։ Մեր բնակարանների կառուցապատող ընկերությունը կեղծ սնանկության է տարվել, և մենք ժողովրդի լեզվով ասած մնացել ենք բորտին»,- ասել էր Հենզել Աբրոյանը։
Մեր հրապարակումից հետո մեզ հետ կապվեց Մելիք Գասպարյանի իրավահաջորդների՝ Մելիք Գասպարյանի կնոջ՝ Անահիտ Մնացականյանի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Բալյանը՝ պնդելով, որ քաղաքացին ստում է։ Եվ առհասարակ, փաստաբանը պնդում էր, որ բնակիչներից ոչ մեկը ներկա պահին ոչ մի պարտք ու պահանջ չունի Մելիք Գասպարյանի հետ։ Բոլորը դատական կարգով լուծել են խնդիրը, ստացել սեփականության վկայականները։ Փաստաբանի խոսքերով՝ 2003 թվականի ապրիլին այդ քաղաքացին Մելիք Գասպարյանին պատկանող «ՄԳ Հաուզինգ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել Ալեք Մանուկյան փողոցում կառուցվող շենքի 7-րդ հարկում սեփականություն ձեռք բերելու համար։ Պայմանագրի կնքման օրը ընկերության դրամարկղ է վճարվել ընդհանուր գումարից 20 հազար ԱՄՆ դոլար, սակայն հետագայում դիմել է դատարան գումարը հետ ստանալու պահանջով։ «2011 թվականի մայիսի 4-ին Կենտրոնի դատարանը առանց «ՄԳ Հաուզինգ» ՍՊԸ-ի մասնակցության վճիռ է կայացրել և քաղաքացու հայցը մասնակի բավարարվել է՝ «ՄԳ Հաուզինգ» ՍՊԸ-ից բռնագանձվել է 20 հազար ԱՄՆ դոլար։ Բայց ասեմ, որ վճիռն անօրինական է եղել։ Եթե ես տեղյակ լինեի դրա մասին, ապա որպես Մելիք Գասպարյանի ներկայացուցիչ կմասնակցեի դատական նիստերին և այդ քաղաքացին 20 հազար դոլարն էլ չէր ստանա, որովհետև արդեն հայցային վաղեմության ժամկետն անցել էր։ Պայմանագիրը կնքված էր եղել 2003 թվականին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հիմա քաղաքացին ստանալով իր գումարը շանտաժ է անում, սուտ տեղեկություններ է տարածում։ «Ես պնդում եմ, որ այդ քաղաքացին 20 հազար է վճարել և հետ է ստացել իր այդ 20 հազար դոլարը»,- ասաց Բալյանը։
Վերջինից վետաքրքրվեցինք, թե ինչ է լինելու մնացած բնակիչների ճակատագիրը, որոնք ամեն օր բողոքի ակցիա են իրականացնում նախագահականի և կառավարության դիմաց։ «Բոլոր բնակիչները, որոնք որ խնդիր են ունեցել, դիմել են դատարան, ստացել են իրենց սեփականության վկայականները և կնքվել է հաշտության համաձայնագրեր։ Որևէ բողոք չունենք»,- ասաց Բալյանը։
Նշենք, սակայն, որ Ամիրյան 4/4 հասցեում կառուցված շենքում ոչ մի կոմունիկացիա չկա, միայն պատերն են։ Չկան դռներ, պատուհաններ, վերելակներ։ Այդ շենքում պատրաստ է միայն 8-րդ հարկը, որը պատկանում է Արգամ Աբրահամյանին։ Լիանա Բալյանը, սակայն նշեց, որ Անահիտ Մնացականյանը ներկայումս շարունակում է շինարարությունը, վերելակներ է տեղադրել և հաջորդիվ ամբողջությամբ պատրաստ կլինի շենքը լիարժեք շահագործման համար։
Ի դեպ Մելիք Գասպարյանի կնոջ փաստաբանը նշեց, որ National հյուրանոցը և հարակից շենքը պատկանում է ոչ թե Հովիկ Աբրահամյանին կամ նրա որդուն, այլ Մելիք Գասպարյանի կնոջը՝ Անահիտ Մնացականյանին։ «Հյուրանոցը և շենքը առհասարակ 90 տոկոս բաժնեմասով պատկանում է Անահիտ Մանցականյանին։ 10 տոկոսը՝ Ալեքս Գասպարյանին»։
Նշենք, որ Ալեքս Գասպարյանը Մելիք Գասպարյանի երկրորդ կնոջ որդին է, որի մայրը անցած տարի հայտարարում էր, որ Հովիկ Աբրահամյանը և իր որդին իրեն և իր անչափահաս որդուն զրկում են ժառանգությունից։ Սակայն պարզվում է, որ Վարդա Մկրտչյանը չի եղել Մելիք Գասպարյանի օրինական կինը։ «Մելիք Գասպարյանը մեկ կին ունի՝ Անահիտ Մնացականյանն է, որն այդ շենքի 90 տոկոսի սեփականատերն է, իսկ Վարդուհին ոչ մի իրավունք չունի, նա ժառանգորդ չի, միայն նրա երեխան է 10 տոկոսի սեփականատեր, որպես ժառանգ։ Եվ ինձ առհասարակ հասկանալի չէ Վարդուհի Մկրտչյանի ներկայացրած պահանջները»,- ասաց Լիանա Բալյանը՝ հավելելով. «Ես հայտարարում եմ, որ Հովիկ Աբրահամյանն ու Արգամ Աբրահամյանը ոչ մի առնչություն չունեն Ամիրյանի շենքերի և հյուրանոցի հետ։ Դրանք մերկապարանոց հայտարարություններ են»։
Նշենք, սակայն, որ գուցե փաստաթղթերով վարչապետն ու իր քաղաքապետ որդին չեն հանդիսանում այդ շենքի և հյուրանոցի սեփականատեր, սակայն այն իրենց է պատկանում և այդ փաստը հաստատում է Գասպարյանի ոչ օրինական կինը, որը չէր կարող այդքան վրիպել։ Վերջինս մեզ հետ զրույցում հաստատել էր Աբրահամյանների մասնակցությունն այդ ամենում և նշել էր, որ վերջիններս խոստացել են լուծում տալ խնդրին։







































