Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը իր անսպասելի այցով զարմացրել է Լոս Անջելեսում Warner Brothers ստուդիայի այցելուներին էքսկուրսիայի ժամանակ, հաղորդում է Aceshowbiz.com-ը:
Երբ զբոսաշրջիկները շրջել են ստուդիայում, Աֆլեքը դուրս է եկել այնտեղ գտնվող «Բեթմոբիլից»: Երբ զարմացած այցելուներից մեկը կասկածել է, որ դերասանն «իսկական է», Աֆլեքը թույլ է տվել նրան շոշափել իր դեմքը:
Հետո դերասանը «Բեթմոբիլ»-ով էքսկուրսիայի եկած տղաներից մեկի հետ շրջել է ստուդիայով` ցույց տալով, թե ինչպես պետք է կառավարել սուպերքարը` «վատ տղաներին հաղթելու համար»:
Միջադեպի տեսագրությունը համացանցում է տեղադրվել բարեգործական ակցիայի շրջանակներում, որը կազմակերպել են Աֆլեքը և «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի: Արդարության լուսաբացին» ֆիլմի մյուս դերասանները:







































