Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում ավարտվել է «Հարավային գազային միջանցք» նախագծի Խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստը, որի արդյունքներով ստորագրվել է հռչակագիր։
Փաստաթղթում ընդգծվում է էներգետիկ ռեսուրսներ արտադրողների, տարանցիկ երկրների ու սպառող երկրների միջև ռազմավարական հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ եվրոպական շուկան ադրբեջանական էներգակիրներով հուսալի, կայուն ու անվտանգ ապահովելու համար։
Բացի այդ, փաստաթղթում բարձր են գնահատվում վերջին մեկ տարում՝ 2015 թվականի փետրվարին տեղի ունեցած Խորհրդատվական խորհրդի առաջին նիստից հետո, «Հարավային գազային միջանցքի» նախագծի իրագործման ոլորտում ձեռք բերված նվաճումները։
Փաստաթղթում ընդգծվում է, որ գնահատվելու են ԵՄ սահմաններից դուրս, այդ թվում՝ նաև դեպի Բալկաններ «Հարավային գազային միջանցքի» ընդլայնման ընթացիկ ու ապագա հեռանկարները։ Դրա հետ կապված՝ ընդգծվում է Հունաստան-Բուլղարիա և Հոնիական-ադրիատիկ գազատարների նախագծերի հանդեպ հատուկ հետաքրքրությունը։










































