ԱՄՆ զինվորականներն Իրաքում ձեռնամուխ են եղել քրդերի երկու ռազմականացված բրիգադների պատրաստմանը: Այս մասին հայտարարել է Իրաքի Էրբիլ քաղաքում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Մեթիաս Միթմանը:
«Ներկայումս մենք մարզում ենք երկու բրիգադի՝ ընդհանուր թվաքանակով 4 հազար մարդու: Մենք պատրաստվում ենք այդ բրիգադներն ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, որը ներառում է թեթև հրաձգային և խոշոր տրամաչափի զենք, գնդացիրներ, զինամթերք ու HMMWV (Humvee) զրահամեքենաներ և կազմակերպում ենք նյութատեխնիկական ապահովումը»,- գլխավոր հյուպատոսի խոսքը մեջբերում է Rudaw գործակալությունը:
Ինչպես հայտնել է քրդական կառավարության ներկայացուցիչ Հալգուրդ Հիքմաթը, վարժանքներն սկսվել են փետրվարի 28-ին:
Իրաքյան Քրդստանում քրդական ջոկատների ուսուցմանը մասնակցում են նաև Գերմանիայից և Իտալիայից ժամանած զինվորական խորհրդականներ։







































