«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը:
– Պարոն Միքայելյան, «Քաղաքացիական պայմանագիր»-ը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է Ձեր թեկնածությունը: Նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տարի առաջ շատ համառ պայքար մղեցիք, սակայն ինքներդ արձանագրեցիք մի շարք խախտումներ: Ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը հիմա, ի՞նչ ակնկալիքներ ունեք:
– Իմ ակնկալիքն իմ ժողովուրդն է, նա պետք է որոշի: Ես գալիս եմ՝ Հրազդանում իրավիճակ փոխելու, որպեսզի մարդիկ կարողանան իրենց իրավունքները պաշտպանել, որպեսզի կարգավորվեն քաղաքապետարան-ժողովուրդ հարաբերությունները: Դուք էլ տեսնում եք, թե քաղաքում ինչ վիճակ է, և բնականաբար, ես, որ այս ամբողջ ընթացքում ծառայել եմ իմ երկրին, այսօր էլ պատրաստ եմ ծառայել իմ ժողովրդին: Գալիս եմ մեծ ակնկալիքով, իմ ժողովրդի հավատով, Հրազդանի հույսի, հավատի եկեղեցին վերանորոգելու: Իմ հիմնական նպատակը քաղաքը սարքելն է:
– Պարոն Միքայելյան, նախորդ անգամ չհաջողվեց, քանի որ Հանրապետականի թեկնածուն մի շարք խախտումներով, ընտրակեղծիքներով կարողացավ, այնուամենայնիվ, ընտրվել քաղաքապետ: Հիմա ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը նրա հետ՝ արդյոք մեթոդների փոփոխությո՞ւն է տեղի ունեցել:
– Անցյալ անգամ իրենք ցույց տվեցին 25 հազար ընտրող և շատ լավ գիտեն, թե ինչ ընտրախախտումների դիմեցին՝ դրսից բերված մարդկանցով: Այսօր մեր հիմնական խնդիրն է պարզել, թե Հրազդանում քանի ընտրող կա: Իմ կարծիքով՝ այսօր Հրազդանում կա 18-20 հազար ընտրող: Հիմնականում այս հարցի վրա ենք աշխատում և 100 տոկոսով հաջողության ենք հասնելու, որովհետև նախորդը չի կրկնվելու: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուին, դուք գիտեք՝ իմ դեմ ով է պայքարում՝ գործող քաղաքապետը, որին ես անցած անգամ էլ եմ հաղթել ինձ տրված ձայներով:
– Այսինքն՝ այժմ ցուցակների հրապարակայնացման գործընթա՞ց եք իրականացնելու:
– Արվելու է ամեն ինչ:
– Պարոն Միքայելյան, ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը, երբ այսօր էլ իշխանությունը որտեղ որ թեկնածուին ցանկանում՝ անցկացնում է:
– Իմ զորությունը իմ ժողովուրդն է: Նորից կեղծիքներով ընտրված իշխանության թեկնածուի հաղթանակին երբեք չհավատաք: Կյանքի գնով էլ լինի, իմ ժողովրդի տված ձայնը կպահպանենք: Այսօր ժողովրդի միջից դուրս է եկել վախի մթնոլորտը, արդեն զգացվում է ժողովրդի տրամադրվածությունը: Ժողովուրդն այլևս ոչ մի բանից չի վախենում, փոփոխություն է ուզում, և ինքն էլ կորոշի յուրաքանչյուրի արած-չարածը:
– Նախորդ անգամ Հայ ազգային կոնգրեսի հետ էիք, որի տեղի կառույցներն էլ Ձեզ շատ աջակցեցին: Այս անգամ ձեզ պաշտպանելու է «Քաղաքացիական պայմանագիրը», և արդյոք եթե ընտրությունը Ձեր ուզածի նման չլինի, սա «Քաղաքացիական պայմանագրի» առաջին անհաջող փորձը և ձախողումը չի՞ լինի:
– Ես միշտ եղել եմ այն հարթակում, որտեղ ժողովուրդն է եղել: Ես «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիրներից եմ: Իմ կուսակցությունը, ինչպես գիտեք, պայքար է մղում ապագայի, ժողովրդավարության համար: Այսինքն՝ ամեն դեպքում ժողովուրդն է որոշելու, նրա տված քվեն պետք է պահպանվի: Ի վերջո՝ ես եղել եմ հրամանատար, և Հրազդանում ինձ նոր չեն ճանաչում: Իմ ժողովուրդն ինձ ճանաչելով՝ ինձ ընդունել է և բազմիցս վստահության քվե տվել:
– Իսկ ի՞նչ կասեք ԱԺ ՀՅԴ խմբակցության նախագահ Արմեն Ռուստամյանի այն հայտարարության առնչությամբ, թե քաղբանտարկյալներ եղել են միայն դաշնակցականները՝ 90-ական թվականներին, իսկ դրանից հետո Հայաստանում չեն եղել քաղբանտարկյալներ:
– Բա մենք ի՞նչ բանտարկյալ ենք եղել: Ես չեմ ուզում խորանալ այդ հարցերի մեջ: Ես իմ գործն եմ արել իմ ժողովրդի, իմ պետության համար, և գնահատականը կտա ժողովուրդը և ժամանակը:
– Ի՞նչ եք կարծում՝ մեկ անգամ արդար ընտրություն անցկացնելու քաղաքական կամք կլինի՞, որ մտել եք այս ընտրապայքարի մեջ:
– Ինձ թվում է՝ կլինի: Հո ամեն անգամ չպե՞տք է բերեն մեկին՝ փաթաթեն էս ժողովրդի վզին, իմ ժողովուրդը փոփոխություն է ուզում: Ի վերջո՝ եթե ընտրություն է, ժողովուրդը պիտի ընտրի, ոչ թե իշխանությունը նշանակի: Հետո՝ մենք որդեգրել ենք ոչ թե ներկայիս գործող քաղաքապետին փնովելու քաղաքականություն, այլ ընդամենը ուզում ենք մեր գործն անել: Ինչպես գիտեք, ես այստեղ նոր մարդ չեմ, բազմիցս ստացել եմ ժողովրդի վստահության քվեն և ունեմ համախոհների հզոր բանակ:
-Ձեր կարգախոսն է՝ «Որ ժպտաս, Հրազդա՛ն», ժպի՞տն է պակասում քաղաքին:
– Ժպիտը ևս պակասում է մեր քաղաքին: Վերջապես մեր ժողովուրդը պետք է ժպտա, չէ՞:











































