Իրաքին չեն նախազգուշացրել իրաք-սաուդյան սահմանի մոտ իսլամական հակաահաբեկչական կոալիցիայի երկրների կողմից նախապատրաստվող զորավարժությունների մասին, ինչի առթիվ իշխանությունները անհանգստություն են արտահայտում, Sputnik գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Ահմեդ Ջամալը:
Սաուդյան Արաբիայի հյուսիսում Էր Ռիադի կողմից ստեղծված հակաահաբեկչական կոալիցիայի մեջ մտնող երկրների` Եգիպտոսի, Սուդանի, Հորդանանի և այլ արաբական ու իսլամական երկրների մասնակցությամբ փետրվարի 14-ին սկսվել են զանգվածային զորավարժություններ «Հյուսիսային որոտ» անվանմամբ: Լրատվամիջոցները հայտնել են, որ զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 10-ը և ընդհանուր առմամբ դրան կմասնակցեն նվազագույնը 150 հազար զինծառայող:
«Մենք լսել էինք Սաուդյան Արաբիայում զորավարժությունների մասին, ոչ պարզապես սաուդա-ամերիկյան, այլ իսլամական կոալիցիայի 34 երկրների մասնակցությամբ: Մեզ Իրաքի ԱԳ նախարարությանից ոչ ոք չի նախազգուշացրել Իրաքի սահմանի մոտ ինչ-որ զորավարժության մասին, մեզ հետ չեն համաձայնեցրել: Իհարկե, դա անհանգստության աղբյուր է»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի խորհրդականը ավելի վաղ Sputnik գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ զորավարժությունները չեն հանդիսանում ինչ-որ կոնկրետ ռազմական գործողության նախապատրաստում: Դրանք կոչված են բարձրացնելու արաբական երկրների զորքերի մարտունակությունը և հեշտացնելու փորձի փոխանակումը:










































