Ֆրանսիան Լիբիայի տարածքում գաղտնի գործողություններ է իրականացնում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ: Այդ մասին գրում է Monde թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Պարբերականի տեղեկացմամբ՝ Լիբիայում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարին մասնկացում են ոչ միայն հատուկ նշանակության ուժի մարտիկները, այլև Ֆրանսիայի պաշտպանության նախարարության արտաքին անվտանգության վարչության աշխատակիցները, որոնք գործում են լրիվ քողարկված:
«Միջամտությունը Լիբիա վատագույն ընտրությունն է: Պետք է խուսափել բաց ռազմական հակամարտությունից և աննկատ գործել»,- թերթին հայտնել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը:
Monde-ի տեղեկությամբ՝ Լիբիայի Դերնա քաղաքի ուղղությամբ ավիահարվածները 2015-ի նոյեմբերին, որոնց արդյունքում ոչնչացվել է այդ երկրում ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Նաբիլը, հենց Փարիզում են նախաձեռնվել:
Huffington Post պարբերականը, իր հերթին, հայտնում է, որ ֆրանսիացի զինվորականները «համատեղ գործողություններ» են իրականացրել Լիբիայի կառավարական ուժերի հետ Բենղազի քաղաքի շրջանում: Սակայն, գլխավոր շտաբի ներկայացուցիչը չի հաստատել Լիբիայում ֆրանսիացի զինվորականների ներկայության մասին տեղեկությունները:








































