Ամերիկյան Վիրջինիա նահանգի փոքր Դամասկես քաղաքում մայիսի 18-ին տեղի է ունեցել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով վնասվածքներ է ստացել մի քանի տասնյակ մարդ: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ավտոմեքենան մխրճվել է լեռնային զբոսաշրջության ամենամյա փառատոնի շրջանակում անցկացված շքերթի մասնակիցների շարասյան մեջ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ըստ տեղեկությունների՝ մեքենան շքերթի մասնակիցների ամբոխի մեջ է մխրճվել ավելի քան 30 մետր: Վարորդը մեքենայի տակ ընկած մի քանի տուժածների որոշ հեռավորության վրա քարշ է տվել: Ականատեսները խմբով բարձրացրել են մեքենան՝ տակից դուրս բերելով տուժածներին:
Ոստիկանության տվյալներով՝ վնասվածքներ է ստացել 50-60 մարդ: Նրանց մի մասին ուղղաթիռներով շտապ հոսպիտալացրել են:
Կատարվածի պատճառը դեռևս հայտնի չէ: 40-55 կմ/ժ արագությամբ շարժվող թեթև մեքենայի ղեկին եղել է տարեց տղամարդ: Մեքենայի վրա ամրացված նշանը վկայել է այն մասին, որ վարորդը հաշմանդամ է:
Իշխանությունները կատարվածը համարում են դժբախտ պատահար։ Իրավապահ մարմինները ենթադրում են, որ վարորդի մոտ նոպա է սկսվել, և նա կարճ ժամանակով կորցրել է գիտակցությունը:








































