Իսրայելը պետք է վերադառնա 1967թ. սահմաններին ` իսրայելա-պաղեստինյան հարաբերություններում խաղաղության հասնելու համար: Ինչպես հաղորդում է MIGnews իսրայելական գործակալությունը, այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա նշել է, որ պաղեստինա-իսրայելական բանակցություններում առաջընթացն անհնարին է առանց ՀԱՄԱՍ-ի մասնակցության:
«Պետք է միասնություն ձեռք բերվի ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի միջև: Եթե այդ հաշտությունը ձեռք չբերվի, ապա չեմ կարծում, որ պաղեստինա-իսրայելական բանակցությունները կավարտվեն ինչ-որ որոշմամբ»,- ասել է Էրդողանը:
Էրդողանը հայտարարել է նաև հաջորդ ամիս Գազայի հատված այցելելու իր մտադրության մասին` պաղեստինյան միասնականության համաձայնագրին աջակցելու նապատակով: Նրա խոսքերով` Թուրքիային հետաքրքրում է պաղեստինցիների ճակատագիրն այնպես, ինչպես եթե խոսք գնար թուրքական ներքին խնդիրների մասին:
«Քանի դեռ Իսրայելը Պաղեստինը չի ճանաչում որպես պետություն, խաղաղության հասնելու մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա:









































