Մայիսի 17-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Յան Քելին հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովին։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցում էր հանդիպմանը:
Համանախագահները և արտգործնախարարները քննարկել են հնարավոր ուղիները՝ խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախարարները մտքեր են փոխանակել ներկա իրավիճակի վերաբերյալ և վերահաստատել իրենց հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղությանը:
Համանախագահները վերահաստատել են անհրաժեշտությունը՝ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող ենք ավելացնել լարվածությունը և վնաս հասցնել խաղաղ գործընթացին, ինչպես նաև նախարարների հետ քննարկել են հաշտությանն ուղղված մթնոլորտի ստեղծմանը նպաստող վստահության ամրապնդման մի շարք միջոցներ:
Համանախագահները ամսվա վերջում կայցելեն տարածաշրջան՝ քննարկելու հիշյալ հարցերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։









































