Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամները աջակցում են արմավի, պիստակի, չամիչի և բանջարեղենի մի շարք տեսակների ներկրման տուրքի նվազեցման վերաբերյալ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության նախաձեռնությանը, ինչ կապակցությամբ որոշում կարող է ընդունվել մարտի երկրորդ կեսին: Այս մասին RIA Nօvosti-ին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչյովը:
Անցած շաբաթ աղբյուրը ՌԴ կառավարության ֆինանսատնտեսական բլոկում RIA Nօvosti-ին հայտնել է, որ ռուսական իշխանությունները ԵՏՄ գործընկերներին առաջարկում են նվազեցնել ծաղկակաղամբի, բրյուսելյան կաղամբի, բրոկոլիի, արմավի, պիստակի և չամիչի ներկրման տուրքերը: Այդ նախաձեռնության առաջին քննարկումը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդակցական խորհրդում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում RIA Nօvosti-ին ասել են, որ առաջարկվում է ծաղկակաղամբի, բրոկոլիի և բրյուսելյան կաղամբի ներկրման մաքսային տուրքերը 11-13%-ից նվազեցնել մինչև 5% ժամանակավոր հիմունքով, պիստակի և արմավի տուրքերը՝ մինչև 0% մշտական հիմունքով, իսկ չորացրած խաղողինը՝ ժամանակավորապես:
«Քննարկումը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդակցական խորհրդում) դրական անցավ: Մեր գործընկերներն ընդհանուր առմամբ աջակցեցին առաջարկին՝ նկատի ունենալով ապրանքային նոմենկլատուրայի ճշգրտման հարցով (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի) նիստի նախօրեին խորհրդի՝ տեխնիկական փոքր աշխատանք կատարելու անհրաժեշտությունը»,- ասել է Լիխաչյովը:
Նա չի նշել՝ ինչ ժամկետով է առաջարկվում նվազեցնել ծաղկակաղամբի, բրոկոլիի, բրյուսելյան կաղամբի, չամիչի ներկրման տուրքերը՝ նշելով, որ դրանք դեռևս կճշգրտվեն:







































