Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն Թուրքիա աշխատանքային այցի ընթացքում Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում կայունության, խաղաղության և անվտանգության հարցերը: Այդ մասին ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:
«Ուկրաինայի և Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբների պետերի բանակցությունների ժամանակ քննարկվել են Սևծովյան տարածաշրջանում կայունության, խաղաղության և անվտանգության հարցերը, մի շարք այլ նախաձեռնություններ ու նախագծեր, պայմանավորվածություններ են ձեռք բերվել ուկրաինացի զինվորականների նախապատրաստության ընդլայնում պրոֆեսիոնալ ոլորտում»,- ասվում է հաղորդագրությունում:
Բացի այդ, թուրք զինվորականները համակողմանի աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել Ուկրաինայի բանակի օպերատիվ հնարավորությունների աճի ենթատեքստում:










































