Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը 32 տարի գաղտնի մտերիմ հարաբերություններ է ունեցել ծագումով լեհ ամերիկուհի փիլիսոփա Աննա-Թերեզա Տիմենեցկայի հետ: Այս մասին վկայում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի և Տիմենեցկայի միջև նամակագրությունը, որը հրապարակել է BBC-ն:
Ավելի քան 350 նամակները գտնվել են Լեհաստանի Ազգային գրադարանում: Բացի այդ, 2014-ին Տիմենեցկայի մահվանից հետո նրա իրերում հայտնաբերվել են Հովհաննես Պողոս II-ի հետ բազմաթիվ լուսանկարներ, որոնցում Պապը աշխարհիկ հագուստով է, այդ թվում՝ շորտերով լճի ափին զբոսնելիս:
Տիմենեցկան և ապագա Պապ Կարոլ Վոյթիլան ծանոթացել են 1974-ին՝ փիլիսոփայության վերաբերյալ գրքի անգլերեն տարբերակի շուրջ աշխատելիս, որը Վոյթիլան գրել է Լյուբլինի համալսարանում ուսանելու տարիներին: Հայտնի է, որ նրանք մի քանի անգամ հանդիպել են, զբոսնել և դահուկներով սահել:
Ենթադրվում է, որ 1975-ին Տիմենեցկան Վոյթիլային խոստովանել է, որ սիրում է նրան: Ի պատասխան՝ Վոյթիլան նրան նվիրել է իր քահանայական ուսադիրը:
Նշվում է, որ ոչ մի ապացույց չկա առ այն, թե նախկին Հռոմի պապը խախտել է կուսակրոնության ուխտը: Իսկ հարաբերությունները նրանք գաղտնի են պահել, քանի որ լեհական հատուկ ծառայությունները հետևել են արքեպիսկոպոսին:
Երբ 1990-ականներին Հովհաննես Պողոս II-ը հիվանդացավ Պարկինսոնի հիվանդությամբ, Տիմենեցկան հաճախ էր այցելում նրան: Վերջին անգամ նրանք տեսնվել են 2005-ին՝ Հռոմի պապի մահվանից ոչ շատ առաջ:













































