Ռուսաստանում գրանցվել է Զիկա վիրուսի ներմուծման առաջին դեպքը: Այս մասին հաղորդվում է «Ռոսպոտրեբնադզոռ»-ի (Սպառողների իրավունքների պաշտպանության հսկողության հարցերով դաշնային ծառայություն) կայքում:
«Սպառողների իրավունքների պաշտպանության հսկողության հարցերով դաշնային ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է Զիկա վիրուսի ներմուծման առաջին դեպքը»,- հայտարարել են գերատեսչությունում:
Ծառայության տեղեկությամբ՝ ներկայումս հիվանդն ինֆեկցիոն ստացիոնարի մեկուսարանում է, վիճակը բավարար է: Բժշկական վերահսկողություն է սահմանվել ընտանիքի կոնտակտային անդամների նկատմամբ, հիվանդության կլինիկական դրսևորումներ չեն հայտնաբերվել, Զիկա վիրուսի հետազոտությունների արդյունքները բացասական են:
Զիկա վիրուսն առաջացնում է բարձր ջերմություն, կոնյունկտիվիտ, գլխացավեր, հոդացավեր, բորբոքային գործընթացներ, առանձին դեպքերում՝ սրտխառնոց և փսխում, խանգարումներ և ցավեր ստամոքսում: Վիրուսի տարածողը Aedes aegypti մոծակն է:
Տեղեկություններ կան, որ հղիության ընթացքում վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որի հետևանքով գլուխը զգալիորեն փոքր է լինում: Այն ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նևրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով:








































