Ի պատասխան «Առաջին լրատվական»-ի` ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին և այդ շրջագծում «ՀայՌուսգազարդի» Հայաստան ներկրվող գազի սակագնի բարձրացմանը հարցի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց.
«Դժբախտաբար, մեր կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից անցնում է անկախ պետականության համար թույլատրված բոլոր սահմանները: Ցանկացած մենաշնորհ ի վերջո հանգեցնում է նման իրավիճակների, այնուամենայնիվ որևէ հարաբերություն ենթադրում է երկու կողմ, հետևաբար մենք էլ մեր հերթին պետք է առաջարկենք ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ մեր գործընկերոջը վերանայել մեր տարածքում գործող իր ռազմաբազաների մասին համաձայնագրերը և սահմանել աշխարհում ընդունված գներին համապատասխան վարձավճարներ: Սա` մեկ, և երկրորդ` Հայաստանի Հանրապետության տնտեսության առաջնային ուղղություն պետք է հայտարարենք ատոմային էներգետիկան ու ստեղծենք ատոմային էներգետիկայի զարգացման արտոնյալ պայմաններ` ներգրավելով արևմտյան ընկերություններին, մասնավորապես` արդեն իրենց համագործակցության պատրաստակամությունը հայտնած ամերիկյան և ֆրանսիական ընկերություններին: Իսկ ընդհանրապես` ես շատ կուզենայի, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վասալայինից վերածվեին գործընկերայինի` այնպես, ինչպես ԱՄՆ-Իսրայել փոխհարաբերություններն են»:








































