ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը չորեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովում կպատասխանի Assocaited Press-ի լրագրողների զանգերի վերաբերյալ գաղտնի տեղեկություն ստանալուն և այլ աղմկահարույց գործերին առնչվող հարցերին:
Կքննարկվեն նաև ընդդիմադիր կուսակցությունների՝ խստացված հարկային ստուգումներին և Բոսթոնի ահաբեկչությանն առնչվող հարցեր, հաղորդում է Ria Novosti-ն:
«Սահմանադրության առաջին ուղղումով երաշխավորված իրավունքների սահմանափակումն անհանգստացնում է: Անհանգստության պատճառ է հատկապես այն հաղորդագրությունը, որ հարկային ծառայությունը նախընտրական տարում անօրինական ստուգումներ է անցկացրել մի շարք կազմակերպություններում: Հանձնաժողովի անդամները նաև սուր հարցեր կտան արդարադատության նախարարության՝ AP-ի լրագրողների զանգերի տվյալները ստուգելու որոշման վերաբերյալ»,- ասել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական Բոբ Գուդլաթը:
Բացի այդ, նրա խոսքերով, Հոլդերը պետք է բացատրի, թե ինչու է Բոսթոնում ահաբեկչության նախօրեին իրավապահ կառույցների համագործակցությունն անարդյունավետ եղել:








































