«Հայռուսգազարդ» ընկերությունն այսօր պաշտոնապես դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ գազի գինը 64 տոկոսով բարձրացնելու առաջարկով՝ գազի հազար խորանարդ մետրի համար ներկայիս 132 հազար դրամի փոխարեն 221 հազար դրամ սահմանելով:
Թեև ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ առաջարկը տնտեսագիտական լուրջ վերլուծության է ենթարկվել և ողջամտության սահմաններում է, բոլորն են հասկանում, որ այն կազդի հայաստանցու կենսագործունեության բոլոր ոլորտների վրա:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանն ասաց, որ սակագնի նման բարձրացումից զարմանալ ամենևին պետք չէ, քանի որ ինքն այս մասին խոսել էր դեռևս ընտրություններից առաջ: «Ես ասել էի, որ Հայաստանում բոլոր ընտրությունները կավարտվեն, և գազի գինը կթանկանա: Այն ժամանակ ինձ նայում էին այնպես, կարծես ես ինչ-որ հատուկ առաքելությամբ եմ օժտված, սակայն դա այդպես չպետք է լինի: Իսկ հիմա, երբ գազի գինն իսկապես բարձրանում է, մարդիկ զարմանում են: Բնական է՝ Հայաստանում պետք է երեք ընտրություն ավարտվեր, որ գազի գինը թանկանար»,- տեսակետ հայտնեց Հարություն Մեսրոբյանը: Տնտեսագետի խոսքերով՝ գազի գնի թանկացումը շղթայական ազդեցությամբ կանդրադառնա ամեն ինչի սակագների վրա: Նրա հավաստիացմամբ՝ որոշ ապրանքներ և ծառայություններ կթանկանան միանգամից, որոշները՝ ժամանակի ընթացքում:
«Օրինակ՝ հացի գինը կթանկանա, որովհետև հացի փռերը գազով են աշխատում: Կթանկանա տրասնպորտը, քանի որ 50 %-ից ավել տրասնպորտը գազով է աշխատում: Կթանկանա այն ամենն, ինչ կապված է գազ սպառելու հետ: Բնականաբար, ձմեռն այս թանկացումը շատ ավելի զգալի կլինի, քանի որ գազ շատ է օգտագործվում ձմռանը»,- նշեց Հարություն Մեսրոբյանը՝ պարզաբանելով, որ հաճախ գազի գինը բարձրացնում են գարնանը, քանի որ գարնանը եղանակները տաքանում են, մարդիկ ավելի քիչ գազ են վառում, դրա համար չեն զգում, որ գազի գնի բարձրացումը «խփում է» իրենց գրպանին, «կես տարի այս կողմ-այն կողմ՝ գալիս է նոյեմբերը>: Հարություն Մեսրոբյանը մի թվաբանական հաշվարկ իրականացրեց՝ բացատրելու համար, թե գազի գնի թանկացման դեպքում որքան կթանկանա հացի գինը. «Մոտ 6 տոկոսով հացի գինը կթանկանա, եթե հացի գնի մեջ գազի գինը կազմում է 10 տոկոս, իսկ գազը թանկանալու է 60 տոկոսով»:








































