Երեկ հայտնի դարձավ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների և «Բարև Երևան» դաշինքի՝ ավագանու անդամների անունները:
Նշենք, որ ինքնաբացարկներ եղան մանդատ ստացած բոլոր երեք ուժերից էլ:
Հատկանշական է, որ ավագանու՝ Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկված են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ:
Եվ այսպես, 19-րդ հորիզոնականում է ՀՀԿ պատգամավոր, Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին՝ Դավիթ Սեդրակյանը: Վերջինս թեև գործարզուրկ է, այդուհանդերձ բանկային հաշվում ունի 200 միլիոն դրամ: Այս մասին մենք տեղեկացանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «Առաջին լրատվական»-ին տրամադրած հայտարարագրից: Դ․ Սեդրակյանը, հայտարարագրի համաձայն, ունի ZAZ 968 և GMC YUKON մակնիշի ավտոմեքենաներ: Բացի այդ՝ Սեդրակյան-կրտսերը, որպես եկամտի աղբյուր, նշել է միայն գույքի օտարումից ստացված 2 մլն դրամը: Որևէ այլ արժեթուղթ կամ ներդրում պատգամավորի որդին չունի, բայց փոխարենը՝ Դավիթ Սեդրակյանը Երևանում ունի 5 շինություն (ընդհանուր 4256 ք/մ) և 6 հողամաս (ընդհանուր մոտ 5.1 հա), ևս 1 հողամաս՝ Ծաղկաձորում (0.2 հա):
Հանրապետականի համամասնական ցուցակի 25-րդ հորիզոնականում Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) որդին է՝ Արման Մադաթյանը, ով նախկինում էլ նույն կուսակցության կողմից ավագանու կազմում էր: Վերջինս ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնի պետն է և Մհեր Սեդրակյանի (Թոխմամխի Մհեր) փեսան։ Սեդրակյանի փեսայի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով տրամադրած հայտարարագրից երևում է, որ նա փոխհատուցում է ստանում 390.000 դրամի չափով, և 120.000 դրամ աշխատավարձ «Ստանդարտների Ազգային ինստիտուտից»:
Եվ վերջապես ՀՀԿ–ի ավագանու ցուցակում է նաև Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) որդին՝ Արամ Աղաբաբյանը։ Նա «Հրազդան կենտրոնական մարզադահլիճ» ՓԲԸ-ի առաջին փոխտնօրենն է և հայտարարագրել է միայն Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենա: Վերջինիս աշխատավարձը կազմում է 4.368.000 դրամ:
Նշնեք, որ ավագանու կազմում ՀՀԿ-ից ընդգրկված է նաև Պապայան Աշոտը՝ հայտնի Տուռբոն, ով Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ խոչընդոտել էր լրագրողի աշխատանքը՝ նրան քաշքշել, ձեռքից խլել տեսախցիկը, ապա վերադարձրել՝ լուսանկարները ջնջած վիճակում:









































