Սիրիայում շարունակվող մարտերի մասնակիցները պետք է անհապաղ դադարեցնեն խաղաղ բնակիչների անվտանգությանն սպառնացող գործողությունները, ինչպես նաև ապահովել անարգել կապ բնակչության հետ՝ նրան օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը:
Նա «կառավարությանը և Սիրիայում հակամարտության մյուս կողմերին» հորդորել է հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և պաշտպանել երկրի բոլոր քաղաքացիական անձանց:
Ինչպես ավելի վաղ հայտնել են ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունում, Հալեպ նահանգում ավելի քան 30 հազար մարդ՝ հիմնականում կանայք ու երեխաներ, ստիպված են եղել լքել իրենց տներն այնտեղ անցկացվող ռազմական գործողությունների պատճառով:
Օ՛Բրայենի խոսքով՝ ոմանց հաջողվել է փախչել ազգականների մոտ՝ անվտանգ շրջաններ, բայց մյուսները մնացել են անօթևան, քանի որ Թուրքիային սահմանակից շրջաններում փախստականների ճամբարներն արդեն լեփ-լեցուն են: Նա նշել է, որ հարկադիր վերաբնակների շուրջ 80 տոկոսը կանայք ու երեխաներ են՝ հայտնում է TASS գործակալությունը։









































