Պաշտոնաթող գեներալ և Սերբիայի ներքին գործերի նախարարի նախկին օգնական Վլաստիմիր Ջորջևիչը երկուշաբթի օրը Միջազգային զինվորական դատարանում՝ Հաագայում, նախկին Հարավսլավիայի գործով հայտարարել է, որ 1999թ.-ին Կոսովոյի երկրամասում հանցագործություններ են տեղի ունեցել, և ներողություն է խնդրել զոհված ալբանացիների ընտանիքներից: Այս մասին հաղորդում է «Տանյուգ» գործակալությունը:
Նշենք, որ 2011թ.-ին Ջորջևիչը դատապարտվել է 27 տարվա ազատազրկման՝ 1999թ.-ին Կոսովոյում ալբանացիների դեմ գործած հանցագործությունների համար: Պաշտպանությունը բողոքարկել է դատավճիռը: Ուստի Ջորջևիչը ելույթ է ունեցել նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային զինվորական դատարանի բողոքարկման պալատի առջև:
«Ես շատ եմ ցավում Կոսովոյի բոլոր զոհերի և այն տառապանքների համար, որը կրել են նրանց ընտանիքները: Հատկապես ներողություն եմ խնդրում Կոսովոյի զոհված ալբանացիների ընտանիքներից: Ներողություն եմ խնդրում տեղահանված անձանցից և ցավակցում եմ նրանց»,- ասել է Ջորջևիչը:








































