Երեկ ԱՄՆ-ի Գլենդելի Սուրբ Մարիամ Հայ առաքելական եկեղեցու մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ ի հիշատակ օրեր առաջ ավտովթարի զոհ դարձած՝ «Սիվիլնեթի» աշխատակից Ալեն Եկիկյանի և նրա կնոջ՝ Սոսե Թոմասյանի:
Ամուսինների ընկերները նշեցին, որ ցավում են ոչ միայն այդպիսի ընկերներ կորցնելու, այլև այն բանի համար, որ մեր հասարակությունը կորցրեց երկու այնպիսի հրաշալի մարդու և քաղաքացիների, ինչպիսիք Սոսեն և Ալենն էին․ «Չենք կարող արտաբերել, թե որքան մեծ է կորուստը,շատ ողբերգական օր է մեզ համար, շատ մարդիկ կան և՛ այստեղ, և՛ Հայաստանում, ովքեր հարգում էին իրենց։ Մենք հուսով ենք որ մեր ընկերների հիշատակը միշտ վառ կմնա»։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին, Վրաստանում ավտովթարից զոհվել են «Սիվիլնեթ» կայքի մշակող և տեխնիկական պատասխանատու Ալեն Եկիկյանը և նրա կինը՝ Սոսե Թոմասյանը:
Ավտովթարի հետևանքով Ալենը և վարորդը զոհվել էին անմիջապես, իսկ Սոսեն գանգուղեղի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց և վիրահատությունից հետո գիտակցության չգալով՝ մահացել:
Ալենի և Սոսեի պսակադրությունը տեղի էր ունեցել անցյալ օգոստոսին:









































