Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջադրելիք թեկնածուն շանսեր կունենա, եթե իշխող «Վրացական երազանքը» թույլ թեկնածու առաջադրի: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց վրացի փորձագետ Տորնիկե Շարաշենիձեն՝ անդրադառնալով 2013 թ. հոկտեմբերին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, պոտենցիալ թեկնածուներին և նրանց հնարավորություններին:
Քաղաքագետը նշեց, որ բնականաբար, նախագահ ընտրվելու ամենամեծ հնարավորությունն ունի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուն: Նրա փոխանցմամբ՝ վրացական առաջատար քաղաքական կուսակցությունները՝ իշխող «Վրացական երազանքը» և «Միացյալ ազգային շարժումը», դեռևս իրենց թեկնածուների մասին որևէ հստակեցնող հայտարարություն չեն արել, ուստի չգիտեն, թե ում են առաջադրելու: Ըստ Շարաշենիձեի՝ դժվար է նաև կանխատեսել, թե ում կառաջադրեն:
«Հիմա Վրաստանի քաղաքական կյանքում ողջ ինտրիգն այն է, թե ում է առաջադրելու նախագահական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: «Միացյալ ազգային շարժումը» համագումար պետք է անցկացնի, դիտարկումներ անցկացնի, թե ում առաջադրել: Պետք է առաջադրվի, բայց կարծում եմ, որ իրենց ամենաուժեղ թեկնածուն կլինի խորհրդարանական ընդդիմության («Միասնական ազգային շարժում» կուսակցություն) առաջնորդ Դավիթ Բաքրաձեն: Իհարկե, կան շատ այլ կուսակցություններ ևս, որոնք թեկնածուներ կառաջադրեն, բայց նրանց հնարավորությունները շատ ցածր կարելի է գնահատել, քանի որ հիմնական պայքարը լինելու է ներկայումս իշխող և նախկինում իշխող կուսակցությունների միջև»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ «Միացյալ ազգային շարժումը» գալիք նախագահական ընտրություններում շանսեր կունենա, եթե իշխող կուսակցությունն առաջադրի թույլ թեկնածուի: Ըստ նրա՝ եթե այդ ամենը պարզ լինի այսօր, հնարավոր է՝ երկրում քաղաքական ուժերի դասավորությունը փոխվի:
Նշենք, որ ըստ 2010 թ. Վրաստանի սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների՝ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 2013-ի հոկտեմբերին: Այս ընտրություններում չի կարող իր թեկնածությունն առաջադրել նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, քանի որ նա զբաղեցնում է այդ պաշտոնն արդեն երկրորդ անգամ: Համաձայն Վրաստանի Սահմանադրության՝ նախագահը կարող է ընտրվել միայն երկու 5-ամյա ժամկետով: Հիշեցնենք նաև, որ Վրաստանում 2012 թ. տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթեց «Վրացական երազանք» կուսակցությունը, որի արդյունքում նախագահ Սաակաշվիլին իր ղեկավարած կոսւակցության հետ դարձավ ընդդիմություն:








































