ԱՄՆ պաշտպանական բյուջեն 2017 ֆինանսական տարում կարող է կազմել 580 մլրդ դոլար, ինչը 27 միլիարդով պակաս է, քան 2016 ֆինանսական տարում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ հենց այդ գումարը կնշվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի բյուջետային առաջարկում: Դա նաև 15 մլրդ դոլարով պակաս է միջոցների այն ծավալից, որ ակնկալում է Պենտագոնը:
Ինչպես իր հերթին նշում է Politico պարբերականը՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը կուզենար այդ գումարի մի մասն ուղղել նոր սերնդի կործանիչների, սուզանավերի ստեղծմանը, նաև կիբեռտիրույթում ամերիկացի զինվորականների գործողությունների արդյունավետության բարձրացմանը:
Սակայն նախարարության ներսում կան մարդիկ, որոնք դեմ են այդպիսի մտադրություններին: Մասնավորապես, ԱՄՆ բանակի (ցամաքային զորքերի) նախարարի պաշտոնի թեկնածու Էրիկ Ֆեննինգը վերջերս զինված ուժերի հարցերով սենատի կոմիտեի առաջ ելույթի ժամանակ անհամաձայնություն է հայտնել զինծառայողների թիվը 40 000-ով՝ մինչև 450 000 կրճատելու ծրագրերի առնչությամբ:
Սպիտակ տունը հաջորդ տարվա դաշնային բյուջեի նախագիծը պաշտոնապես կներկայացնի փետրվարի 9-ին:










































