Ինչպես արդեն հայտնի է, այսօր Գյումրու Թատերական հրապարակում նախատեսված էր «Նախախորհրդարանի» կողմից կազմակերպվող հանրահավաքը:
«Նախախորհրդարանը», դրանով սկսում է իր կոնկրետ ծրագրի իրականացումը՝ ստեղծել նոր իշխանություններ և ստվերային կառավարություն: Մեկնարկը տրվում է Գյումրիից, քանի որ Գյումրին, ըստ «Նախախորհրդարանի» անդամների, հեղափոխության կենտրոնն է, և որ իշխանափոխությունը Հայաստանում սկսվել է Գյումրիից դեռ փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքում, ուր իշխող կուսակցության թեկնածուն խայտառակ պարտություն կրեց:
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ նախքան հանրահավաքը՝ «Նախախորհրդարանը» Գյումրիում բողոքի երթ է անցկացրել: Հավաքված քաղաքացիները բաժանվել են խմբերի և բողոքի երթով շարժվել Գյումրու տարբեր հատվածներ՝ իրազեկելու քաղաքացիներին հանրահավաքի և «Նախախորհրդարանի» ծրագրերի մասին, ինչպես նաև՝ իրենց բողոքն ու դժգոհությունն արտահայտելու գործող ռեժիմի և «չընտրությունների» մասին:








































