Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ 5 մարդ է զոհվել Կանադայի Սասկաչևան նահանգի Լա Լոշ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Եվս 2 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին փոխանցում է CBC հեռուստաալիքը։
Դավոսից արտակարգ ուղերձով քաղաքացիներին դիմած վարչապետի խոսքով՝ ներկա պահին դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչպես և ինչու է տեղի ունեցել հրաձգությունը։ Տեղեկություններ կան, որ հրաձգությունն իրականացրել է դպրոցականներից մեկը։ Նրան ձերբակալել են։
Starphoenix թերթի հաղորդմամբ՝ հրաձգությունը կատարվել է միջին դպրոցի շենքում, որտեղ սովորում են 7-12-րդ դասարանի աշակերտները։ Դպրոցն ունի 2 շենք, որտեղ սովորում է 900 աշակերտ։ Ներկայում դպրոցի շենքը ոստիկանության կողմից շղթայի մեջ է առնվել։









































