Այս տարվա հունիսի 25-ից Հոնկոնգում կսկսի գործել նոր Universal Credit Rating Group-ը: Նոր անկախ միջազգային վարկանիշային գործակալությունը ստեղծվել է Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ընկերությունների կողմից: Այդ մասին լրագրողներին հայտնել են նոր կառույցի կենտրոնակայանում կայացած բրիֆինգի ժամանակ: Նոր գործակալությունը տեղակայվել է մեգապոլիսի կենտրոնական երկնաքերերից մեկում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նոր ծառայությունը հիմնել են երեք վարկանիշային գործակալություններ՝ չինական Dagong Global Credit Rating-ը, ռուսական RusRating-ը և ամերիկյան Egan-Jones Ratings Company-ն՝ բարձրացնելու աշխարհում տնտեսական գործընթացների գնահատման օբյեկտիվության մակարդակը:
«Ակնհայտ էր դարձել, որ վարկային վարկանիշների ներկայիս համակարգը չի համապատասխանում ժամանակակից աշխարհի պահանջներին: Մենք մտադիր ենք մեր ներդրումն անել այդ համակարգի վերակառուցման գործում»,- հայտարարել է RusRating-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Հեյնսուոթը: Նա կդառնա նոր կառույցի գործադիր տնօրենը:
Նրա խոսքով՝ նոր ընկերությունը մտադիր է ակտիվորեն զարգանալ և դառնալ շուկայի առանցքային խաղացողներից մեկը: Ներկայում շուկայում գերակշռում են երեք վարկանիշային գործակալություններ՝ Standard & Poor’s-ը, Fitch-ն ու Moody`s-ը, որոնց մեղադրում են կանխակալության և ճգնաժամային պայմաններում ռիսկերը ոչ այնքան օբյեկտիվորեն գնահատելու մեջ:







































