«Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցության նախկին ղեկավար և Բավարիայի նախկին վարչապետ Էդմունդ Շտոյբերը կանցլեր Անգելա Մերկելին վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով մինչև մարտի վերջ նվազեցնել փախստականների թիվը երկրում։ Նա իր պահանջները հնչեցրել է Suededeutsche Zeitung պարբերականի հետ հարցազրույցում։
«Անգելա Մերկելը պետք է փոխի իր դիրքորոշումը, հակառակ դեպքում Գերմանիային և Եվրոպային սպասվում են աղետալի հետևանքներ»,- հայտարարել է նա։
Շտոյբերը կոչ է արել նրան վերջնականապես փակել Ավստրիայի հետ սահմանը փախստականների համար։ Նրա խոսքով՝ դա միակ միջոցն է համոզելու մյուս եվրոպական երկրներին, որ ներգաղթյալների հետ կապված խնդիրը պետք է լուծել համատեղ ջանքերով։
Այդ հարցում Մերկելի միանձնյա գործողությունները հանգեցրել են Եվրոպայում «լուրջ բեկման»։ Նրա խոսքով՝ կուսակցությունն անում է ամեն բան, որպեսզի հասնի «Քրստոնեա-դեմոկրատական միություն» «քույր» կուսակցության կուրսի փոփոխման, նույնիսկ եթե նրա առաջնորդ Մերկելը դեմ լինի։









































