Գյումրեցի Անահիտ Սարգսյանն իր երկրորդ կարգի հաշմանդամ ամուսնու և երկու զավակների հետ ապրում է Ղուկասյան փողոցի թիվ 52 տանը:
«Ամուսինս դեռ մանկուց հիվանդություն ուներ: Բայց դե, կյանքն այդպես դասավորվեց, էլի, ամուսնացա: Տղաս նոր է զորացրվել, ծառայել է Ղարաբաղում` Ջաբրայիլում, բայց թե ինչ պիտի անի՝ դեռ չգիտեմ: Աղջիկս էլ ուզում է ձեռագործ սովորի, որ կարողանանք յոլա գնալ: Ապրում ենք ամուսնուս թոշակով ու նպաստով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմում է տիկին Անահիտը:
Տիկին Անահիտի ամուսինը` Լիպարիտ Սիմոնյանը, նյարդահոգեկան հիվանդություն ունի և չի կարող աշխատել: Առողջական խնդիրներ ունի նաև տիկին Անահիտը:
«Գոնե լավ է՝ հոգեբուժարանը ամուսնուս դեղերն անվճար կհասցնե, բայց դե, էդ էլ չի օգնե արդեն: Գիշերները անհանգիստ կքնի, միշտ ներվային լարվածություն ունի, շուտ կբորբոքվի ու որ կբորբոքվի՝ մենք լուռ մկնանք, մինչև ինքը խոսի-հանգստանա: Ի՞նչ պատմեմ, տղա ջան, ըսպես էլ յոլա կերթանք:
Շատ բան չեմ ուզե, գոնե մեկըմ էղնի, մե օգնող ձեռքըմ էղնի, որ կարողանամ մի կերպ յոլա էրթամ, մինչև էրեխեքին գործ բացվի հալբաթ, թե չէ՝ էլ հնարավոր չէ: Ըսիգ ապրե՞լ է. հարևանության անպետք, թափելու իրերը, ցախ ու ցուխ բեր, որ վառես էս ձմեռ օրով: Ո՛չ գազ ռիսկ կենեմ վառեմ, ո՛չ լույս: Գիտեմ, որ չեմ կըռնանա մուծեմ, ի՞նչըղ վառեմ: Հըբը փողն ով բըդի տա»,- նշում է տիկին Անահիտը` հուսալով, որ գոնե մի բարի մարդ կգտնվի, որ իր խնդրին կարձագանքի:







































