Standard & Poor’s (S&P) վարկանիշային գործակալությունն անսպասելիորեն իջեցրել է Լեհաստանի վարկային վարկանիշը մեկ աստիճանով՝ «A-»-ից դարձնելով «ВВВ+»՝ հայտարարելով, որ երկրի նոր պահպանողական կառավարությունը թուլացրել է առանցքային ինստիտուտների անկախությունն ու արդյունավետությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
S&P-ն փոխել է նաև վարկանիշային կանխատեսումը՝ դրականից դարձնելով բացասական՝ նշելով, որ առաջիկա 2 տարում կրկին կարող է կրճատել վարկանիշը, եթե Վարշավան խափանի վստահությունը երկրի դրամավարկային քաղաքականության հանդեպ։
«Առանցքային ինստիտուտների, ինչպիսիք են՝ Սահմանադրական դատարանն ու հանրային հեռարձակումը, անկախությունն ու արդյունավետությունը, ներկայում թուլացած են տարբեր օրենսդրական միջոցառումների միջոցով, որոնք նախաձեռնվել են 2015 թվականի ընտրություններից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։
Գործակալության որոշմանն ի պատասխան՝ լեհական զլոտին ընկել է եվրոյի նկատմամբ 4 տարվա նվազագույն ցուցանիշի։ Տնտեսագետները սպասում են, որ երկուշաբթի հարվածի տակ կհայտնվեն լեհական գանձապետական պարտատոմսերը։









































