Շվեդիան կարող է վերսկսել համընդհանուր զինվորական ծառայությունը, որը չեղարկվել էր 2010 թվականին։ Զորակոչը կարող է վերսկսվել՝ կապված ներգաղթյալների հոսքի պատճառով երկրի անվտանգության ուժեղացման անհրաժեշտության հետ։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմը։
«Ես այն մարդկանց թվում եմ, ովքեր ողջունում են զինվորական և այլընտրանքային ծառայություններով ընդհանուր պարտականության ժամանակակից, սեռապես հավասար տարբերակը»,- ասել է նա։
Նրա կարծիքով՝ նպատակահարմար է պահեստայիններին միգրացիոն ծառայության ուժեղացման գործում ներգրավելը, ինչը կօգնի երկրին հաղթահարել Մերձավոր Արևելքից փախստականների մեծ հոսքը։
Շվեդիան, որի բնակչությունը կազմում է 10 մլն, անցած տարի ընդունել է 160 հազար փախստականի։ Դա ամենաբարձր ցուցանիշն է ԵՄ-ում բնակչության մեկ շնչի հաշվով։
Վերջին հարցումների արդյունքներով՝ շվեդ ընտրողների մեծամասնությունը կցանկանար, որ վերսկսվեր համընդհանուր զինվորական ծառայությունը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության ֆոնին։










































