Ուրբաթ օրը Բարսելոնայի քաղաքային խորհուրդը կողմ է քվեարկել քաղաքում լողազգեստով քայլելն արգելելու օրինագծին:
Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Օրենքը խախտողները կտուգանվեն 120-300 եվրոյով: Իսկ եթե ինչ-որ մեկը մերկ հայտնվի փողոցում, ապա ստիպված կլինի վճարել 300-500 եվրո տուգանք:
Քաղաքային խորհրդում նշել են, որ այդ սահմանափակումներով իրենք ցանկանում են ապահովել «մարդկանց համակեցությունը հասարակական վայրերում»: Բարսելոնայի իշխանությունները հերքել են այն մեղադրանքները` իբր մարդկանց ուղղորդում են, թե ինչպես հագնվել:
Կատալոնիայի մայրաքաղաքի շատ վաճառականներ ողջունել են նորամուծությունը` նշելով, որ վերջին ժամանակներում շատ կիսամերկ զբոսաշրջիկներ են հայտնվել փողոցներում և մեծացել է ամենաթողությունը: Սակայն նուդիստների ակտիվիստները իրենց դժգոհությունն են հայտնել:
Ամեն տարի Բարսելոնա է այցելում ավելի քան 6,5 մլն զբոսաշրջիկ:








































