Վենեսուելան «Պետրոկարիբե» նավթային կոնսորցիումի իր գործընկերներին առաջարկել է տնտեսական գոտի ստեղծել, ինչը թույլ կտա ամրապնդել գործարար կապերն ու առևտուրը, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանի պետությունների տնտեսական զարգացմանը: Այս մասին, ինչպես փոխանցում է RIA Novosti-ն, հայտնել է Վենեսուելայի նավթարդյունաբերության նախարար Ռաֆայել Ռամիրեսը:
«Պետրոկարիբեն» Վենեսուելայի կողմից հիմնադրվել է 2005 թվականին՝ արտոնյալ պայմաններով Կարիբյան ավազանի 17 երկրներին նավթ ու նավթամթերք մատակարարելու համար: Նավթի մատակարարումների ընդհանուր ծավալը կազմում է օրական 120 հազար բարել, չհաշված՝ Կուբան, ուր օրական արտահանվում է շուրջ 100 հազար բարել:
Կարակասում «Պետրոկարիբեի» նախարարական հանդիպմանը Ռամիրեսն ասել է, որ այդ գաղափարը ծնվել է դեռևս Չավեսի օրոք և կիրականացվի նրա ընկերոջ՝ Մադուրոյի օրոք:
Նախարարի խոսքերով՝ վերջին 6 տարիներին «Պետրոկարիբեի» շրջանակում մատակարարվող նավթի ծավալը գերազանցել է 232 մլն բարելը: Այդպիսով՝ այդ արտոնյալ սխեմայով նավթի մատակարարումները ծածկում են կարիբյան տարածաշրջանի սպառումների ավելի քան 40 տոկոսը:
Շաբաթ օրը հայտնի է դարձել, որ կոնսորցիումի նոր անդամ կարող է դառնալ Գվատեմալան: Նրա ներառումը «Պետրոկարիբե» կարող է տեղի ունենալ այսօր՝ Վենեսուելայում միավորման անդամ պետությունների ղեկավարների ու վարչապետների հանդիպման ժամանակ:









































