«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Օքսֆորդի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Նեյլ Մաքֆարլեյնը:
– Պրոֆեսոր, Դուք շատ լավ փորձագետ եք ղարաբաղյան հիմնահարցում, հասկանում եք հակամարտության տրամաբանությունը, գիտեք, թե ինչպես են զարգացել իրադարձությունները դեռ 1990-ականներից: Հետևո՞ւմ եք արդյոք վերջին զարգացումներին: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչն է փոխվել հակամարտության մեջ:
– Ես, իհարկե, հետևում եմ իրադարձությունների ընթացքին, եթե խոսքը հակամարտության կարգավորման հեռանկարների կամ վերականգնված պատերազմի մասին է: Հակամարտության գոտում եղել է էսկալացիա: Փոխհրաձգությունների աճը մեծացրել է պատահական պատերազմի վտանգը, բայց կողմերից ոչ մեկը պատերազմի գնալու որևէ անհապաղ ռազմավարական պատճառ չունի: Բեռնի հանդիպումը, ձեր վարչապետի խոսքերով, որևէ առաջընթաց չի գրանցել, բայց շարունակել է երկխոսությունը: Այս էսկալացիաները նաև նախկինում են պատահել: Անկասկած, դրանք կրկին տեղի կունենան՝ անկախ նրանից, թե որքանով էր այս մեկը տարբերվում նախկիններից:
– Կարո՞ղ ենք ասել, որ այս միտումը տանում է դեպի նոր, լայնածավալ պատերազմ, որովհետև Ադրբեջանը գնալով մեծացնում է կիրառվող զինատեսակների տրամաչափը՝ խոշոր տրամաչափի գնդացիրներ, հրթիռային համակարգեր, ծանր հրետանի, տանկ և այլն:
– Ես չեմ կարծում, թե այսօր իրական պատերազմի շտապ հեռանկար կա: Ադրբեջանը դժգոհ է ներկայիս վիճակից շատ երկար ժամանակ: Ճիշտ է, որ ադրբեջանական կողմը շարունակում է մեծացնել իր ռազմական պոտենցիալը, բայց նրա տնտեսությունը չդիմացավ դրան՝ նավթի գների անկման պատճառով:
Այնուամենայնիվ, այս վիճակն ամենևին չի գոհացնում: Երկարաժամկետ միտումը տարածաշրջանային ուժերի հաշվեկշռում ավելի բարենպաստ է Ադրբեջանի համար, և այդ փոփոխությունը կարող է ապակայունացնել ստատուս քվոն: Ավելին, Ադրբեջանի տնտեսության անկման հետևանքով ռեժիմի համար ավելի դժվար կլինի պահպանել իր լեգիտիմությունը, և սա կարող է ավելի հավանական դարձնել պատերազմի հեռանկարը:
Մյուս կողմից, ինչպես իրենք շատ լավ գիտեն, պատերազմը շատ լուրջ ռիսկեր է պարունակում: Դա կարող է շատ բարդ առաջադրանք լինել, և իրենք կարող են պարտվել: Պարտությունը պատերազմում կարող է հանգեցնել ռեժիմի փոփոխության, ինչն ադրբեջանական իշխանությունը, բնականաբար, չի ցանկանա: Ես կասկածում եմ, որ ռուսները կփորձեն զսպել երկու կողմերին էլ:
– Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կնպաստի՞ խաղաղ բանակցությունների գործընթացին կամ գոնե կնվազեցնի՞ լարվածությունը սահմանին:
– Շատ լավ է, որ երկու կողմերը դեռևս շարունակում են երկխոսել, բայց ես այնքան էլ չեմ ակնկալում, թե այս հանդիպումն ավելի մեծ արդյունք կտա, քան նախորդ բոլոր հանդիպումները: Հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները նույնն են, ինչ եղել են միշտ: Ամենամեծ խնդիրը հատկապես այն է, թե ինչպես լուծել տարածքային ամբողջականության և ինքնորոշման նորմերի հակասության հարցը: Այս խնդիրը կարելի է լուծել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից համաձայնեցված անջատման կամ Ադրբեջանի ներսում Լեռնային Ղարաբաղի՝ միջազգայնորեն երաշխավորված ինքնավարության ստեղծման միջոցով: Քիչ հավանական է, որ հակամարտող կողմերը կընդունեն այս տարբերակներից որևէ մեկը: Բայց երկխոսությունը կարող է դինամիկ գործընթաց լինել: Հնարավոր է, որ այս բանակցություններն անսպասելի դրական արդյունք տան:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք այն տեղեկությունը, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ինչ-որ «պլան» ունի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:
– Ռուսներն անկասկած ունեն ծրագիր: Սա առաջին անգամը չէ: Այսպես, թե այնպես՝ ռուսներն ունեն ռազմավարական նպատակներ, որոնցից մեկը տարածաշրջանում իրենց ռազմավարական գերիշխանությունն ամրապնդելն է: Եթե կարգավորումը նպաստում է այդ նպատակի իրագործմանը, Ռուսաստանն անկասկած կխրախուսի հիմնախնդրի լուծմանը: Եթե ոչ, ուրեմն ստատուս քվոն ավելի ձեռնտու է իրենց:
– Ի՞նչ ակնկալիքներ կան Եվրոպական միության և Հայաստանի միջև վերջերս սկսված բանակցություններից, որի նպատակը նոր համաձայնագիր ստորագրելն է:
– Ակնհայտ է, որ Եվրոպան Արևելյան գործընկերության ծրագրում հրաժարվել է «միևնույն չափսը հարմար է բոլորին» մոտեցումից: Եվրամիությունն ուզում է ավելի համեստ ձևեր գտնել երկկողմ համագործակցության համար: Այդ ձևաչափը կարող է ներառել առևտուրն ու ներդրումները և համագործակցությունը միգրացիայի ազատականացման ոլորտում: Սա կարող է ներառել նաև Եվրամիության ծրագրերի ավելացումը Հայաստանում:
Դժվար է ասել, թե ինչ արդյունք կարող է սա տալ Հայաստանի տնտեսության ու առևտրի զարգացմանը: Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը՝ Եվրամիության հետ ձևափոխված ասոցացման համաձայնագրի տնտեսական օգուտները կարող են ավելի համեստ լինել, քան նախատեսված էին 2013-ին բանակցված, իսկ հետո Հայաստանի կողմից լքված ասոցացման համաձայնագրով: Եթե նույնիսկ օգուտները նշանակալի լինեն, դրանց արդյունքները շատ ուշ կարող են երևալ: Կարող ենք սրանում համոզվել, եթե նայենք Վրաստանի տնտեսական ցուցանիշներին 2013 թվականից սկսած:
Գործընթացը, ամենայն հավանականությամբ, դանդաղ կընթանա, քանի որ Եվրամիությունը պիտի նայի, թե ինչպես են սահմանադրական փոփոխություններն ազդում Հայաստանի ներքաղաքական և տնտեսական վիճակի վրա:










































