Անցյալ տարեվերջին Հայաստանում արձանագրվել էր H1N1-ի մի քանի դեպք։ Հիվանդությունն առավել հայտնի է խոզի գրիպ անվամբ։ 2015-ն անցավ, հիվանդությունը սակայն՝ ոչ։ Թեպետ 2016-ը նոր է սկսվել, սակայն վարակվածների թիվն արդեն հնգապատկվել է։ Երեկվա դրությամբ հանրապետությունում պաշտոնական տվյալներով 27 հիվանդ կար։ Լուրը նախօրեին հաստատել էր նաև առողջապահության նախարարը։ Հիվանդության հետևանքով անգամ մահվան դեպքեր են արձանագրվել։ Հիվանդանոցներում հիմա խստացված ռեժիմ է։ Մուտքը փակ է անգամ լրագրողների համար։
Հիվանդությունը, սակայն, անակնկալի չի բերել մասնագետներին։ Դեռ 2011 թվականին Հայաստանում գրանցվել են հիվանդության առաջին դեպքերը։
Առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլորին և հատկապես խոցելի խմբերին՝ հղի կանանց, տարեցներին, երեխաներին ու նրանց ծնողներին, լինել զգոն, գրիպը չդիտել որպես թեթև հիվանդություն, չզբաղվել ինքնաբուժումամբ և անմիջապես դիմել բժշկի, հակառակ դեպքում այն կարող է նպաստել այլ հիվանդությունների գլուխ բարձրացման։ Ի դեպ, հանրապետությունում այսօր պատվաստանյութերի պակաս չկա, կան նաև հակավիրուսային պատրաստուկներ, որոնք կլինիկական ցուցումների դեպքում ազգաբնակչությունը կարող է պոլիկլինիկաներից ստանալ անվճար:









































