Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Մայիսի 3-ը արտահայտվելու, խոսքի, մամուլի ազատության միջազգային օրն է: Խոսքի ազատությունը (արդար դատաքննության իրավունքի հետ զուգահեռ) ապահովում է բոլոր մյուս իրավունքների պաշտպանությունը և հանդիսանում ժողովրդավարության կառուցման անկյունաքարը: Դրա համար լրագրողն իր գործում պիտի ազատ լինի խմբագրից ու նրա անհարկի միջամտությունից: Խմբագիրը պետք է ազատ լինի լրատվամիջոցի սեփականատիրոջ գրաքննությունից: Իսկ լրատվամիջոցի սեփականատերը պետք է ազատ լինի գովազդային շուկայի ճնշումից:
Իսկապես որ, Հայաստանում խոսքի ազատության վիճակը էականորեն բարելավվել է վերջին տարիներին: Պետության և պետական մարմինների միջամտությունը զանգվածային լրատվության միջոցների գործունեությանը հասցվել է հնարավոր ու միջազգայնորեն թույլատրելի նվազագույնին: Սակայն այսօր մեր տարբեր շուկաների, այդ թվում՝ լրատվական շուկայի գերկենտրոնացումը հնարավորություն չի տալիս լրագրողին, խմբագրին, լրատվամիջոցի փոքր և միջին սեփականատերերին լինել տնտեսապես ազատ, ապահովված ու պաշտպանված:
Բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին մաղթում եմ լիարժեք ազատություն
1.լրատվական շուկայի գերկենտրոնացումից կամ մենաշնորհայնացումից,
2.թաղային հեղինակությունների և այլ հանցագործների բռնարարքներից,
3.օլիգարխներից և այլ հարուստներից նրանց ֆինանսական կախվածությունից,
4.լրատվամիջոցների կուսակցականացումից,
5.պատվերով հոդված գրող և դրանով իսկ ազատ խոսքը վարկաբեկող ու այլասերող լրագրողից,
6.դատարանի ապօրինի վճիռներից»:










































