Մեծ Բրիտանիայի Լանկշիր կոմսության ոստիկանական բաժանմունքում հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ գիշերը ավտոմայրուղիներից մեկի վրա վալաբի (կենգուրուների ընտանիքի պարկավոր գազան) են տեսել: Այդ կենդանատեսակի ներկայացուցիչները բազմաթիվ են բրիտանական կենդանաբանական այգիներում: Իրավապահները չեն հավատացել տեղեկատվության ճշգրտությանը, քանի դեռ լուսանկարներ չեն ուղարկվել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Իրավապահները ուղևորվել են կենդանուն որոնելու, սակայն նրանց ջանքերը դեռևս արդյունք չեն տվել:
Ականատեսների խոսքով՝ վալիբին նրանց շատ է վախեցրել, սակայն այնուհետև երբ պարզ է դարձել, որ վախեցած կենդանին ոչ մի վտանգ չի ներկայացնում, կենդանուն նկատած բրիտանացիները որոշել են նրան հանգիստ թողնել:
Ոստիկաններն արդեն նրան անվանել են Սկիպի՝ ի պատիվ համանուն ավստրալական սերիալի կենգուրուի: Եվրոպայում հեռուստասերիալը հայտնի էր 1960-ականներին:
Նշենք, որ անցած տարվա վերջին տեղի գյուղերից մեկում ագրեսիվ առյուծ էր հայտնաբերվել, որը, ինչպես պարզվել էր, եղել էր սովորական տնային կատու:







































