Թուրքիան լքելու փորձի ժամանակ միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը: Այս մասին հայտնում է թուրքական Haber7 թերթը:
Թերթը գրում է, որ ձերբակալվածը սերտ կապեր է ունեցել Ֆեթուլլահ Գյուլենի (ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ հասարակական գործիչ, որի գործունեությունը Թուրքիայում արգելված է) շարժման հետ:
Թուրքիայի կառավարությունը Today’s Zaman ազդեցիկ թերթը համարում է Գյուլենի շարժման տպագիր մարմինը: Թուրքիայում պարբերաբար գործողություններ են իրականացվում Գյուլենի կողմնակիցների դեմ, որը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ: Գյուլենի կողմնակիցների դեմ խոշորագույն գործողություններից մեկն իրականացվել է սեպտեմբերին, երբ Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություն կատարեց Koza İpek Holding-ի՝ երկրի խոշորագույն հոլդինգներից մեկի գրասենյակում:
Հիշեցնենք՝ անցած տարվա փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ 2011 թվականին հակաահաբեկչական գործողության շրջանակում, որն անցկացվել է Ստամբուլի դատախազության կողմից Salam ահաբեկչական կազմակերպության դեմ, գաղտնալսվել են մոտ 7000 մարդկանց հեռախոսներ, ովքեր կապված են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների, նաև վարչապետի ընտանիքի անդամների հետ: Դրանից հետո Էրդողանը մեղադրեց Ֆեթուլլահ Գյուլենին, որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած հեռախոսազրույցների գաղտնալսման հետևում:









































