Հայտնի ամերիկացի երգչուհի Մադոննան Փարիզում համերգի ժամանակ ֆրանսիացիներին կոչ է արել չվախենալ ահաբեկիչներից։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Փարիզի սիրտը բաբախում է աշխարհի բոլոր քաղաքների սրտերի հետ մեկտեղ»,- հայտարարել է նա մայրաքաղաքի «Բերսի» մարզահամերգային համալիրի բեմահարթակից։ «Չենք տրվի վախին։ Սիրո ուժը ավելի ուժեղ է իշխանության ձգտումից»,- հավելել է նա։
Մադոննան հիշեցրել է, որ 20 տարեկանում որոշել էր իրեն երաժշտությանը նվիրել հենց Փարիզում։
Ուսերին գցելով ֆրանսիական եռագույնը՝ փոփ աստղը կատարել է Ֆրանսիայի հիմնը՝ «Մարսելյոզը», որը նրա հետ երգել է ողջ դահլիճը։ Բեմում Մադոննայի հետ է եղել նրա 9-ամյա որդին՝ Դևիդը։
Համերգից հետո երգչուհին ուղևորվել է Փարիզի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղակայված է նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակի ժամանակավոր հուշահամալիրը։ Այստեղ Մադոննան կիթառի հնչյունների ներքո մի քանի երգ է կատարել, այդ թվում՝ Ջոն Լենոնի գլուխգործոցը՝ Imagine-ը։









































