Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երկրի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Թուրքիան սկզբունքորեն դեմ է բեռնարգելքներ սահմանելուն, ինչը նա ցուցադրել է անցյալում, երբ պատժամիջոցներ են սահմանվել Իրանի ու Ռուսաստանի դեմ:
«Երբ համայն աշխարհն Իրանի դեմ էր, մենք դեմ արտահայտվեցինք Իրանի դեմ բեռնարգելքներին (պատժամիջոցներին)։ Եթե իրավիճակն այսպես շարունակվի, ապա Թուրքիայի ու Իրանի ժողովուրդները մեծ վնաս կկրեն։ Հուսով եմ, որ Իրանի ժողովուրդը մի օր կբարձրացնի իր ձայնը և դեմ կարտահայտվի Թուրքիայի հանդեպ անարդար վերաբերմունքին»,- ասել է նա։
Վերջին շրջանում վերստին սրվել են թուրք-իրանական հարաբերությունները։ Իրանը խստորեն դատապարտել է Թուրքիայի կողմից Ռուսաստանի «Սու-24» ինքնաթիռի խոցումը, Հյուսիսային Իրաքում զորք տեղակայելը։ Բացի դրանից՝ Ռուսաստանից հետո Իրանը նույնպես սկսել է Թուրքիային մեղադրել ԴԱԻՇ-ի հետ նավթի առևտուր իրականացնելու համար։








































