ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկության կմասնակցի 265 մարդ: Նրանք արտերկրի ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական կառույցներում ծառայողներն ու նրանց ընտանիքի անդամներն են, ինչպես նաև այն իրավաբանական անձանց աշխատակիցները, ովքեր աշխատում են այդ իրավաբանական անձանց արտերկրում գտնվող ներկայացուցչություններում: Մնացած բոլոր ընտրողները քվեարկությանը մասնակցում են ավանդական քվեակարգով: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է հանրաքվեի քվեարկության կարգը:
«Ավանդական եղանակով քվեարկողը մասնակցում է քվեարկությանը բացառապես տեղամասային կենտրոնում, միայն մեկ բացառություն կա. ստացիոնար բուժում ստացող քաղաքացիներն են, որոնք քվեարկում են շրջիկ արկղի միջոցով իրենց բուժհաստատությունում: Մնացած բոլոր քվերակողները, այդ թվում` զինվորները, կալանավորները քվեարկում են տեղամասային կենտրոններում»,-ասաց Արմեն Սմբատյանը:
Եթե քաղաքացիները քվեարկությանը մասնակցում են անձնագրով, նույնականացման քարտով կամ դրանց փոխարինող տեղեկանքով, ապա զինվորներն ու սպաները` համապատասխանաբար զինվորական և սպայական գրքույկներով:
Արմեն Սմբատյանը շեշտադրել է, որ քվերկողն անձամբ է իրականացնում քվեարկությունը, ՀՀ-ում միջնորդավորված քվեարկություններ չկան: «Քվերակությունն ընթանում է գաղտնի եղանակով, այն ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն»,-ավելացրեց ԿԸՀ քարտուղարը:
Քաղաքացին մտնում է ընտրատեղամաս, հանձնաժողովի համապատասխան ներկայացուցչին ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը, ստանում քվեաթերթիկ, այն լրացնում փակ խցիկում, իսկ քվեաթերթիկը կարող է արկղի մեջ գցել միայն հանձնաժողովի անդամի կողմից ծրարը կնքելուց հետո: Դրոշմավորվում են նաև անձը հաստատող փաստաթղթերը` բացառությամբ նույնականացման քարտերի: Նույնականացման քարտով քվեարկողների դեպքում ցուցակում նրա անվան դիմաց նշվում է, որ նա մասնացել է ընտրությանը նույնականացման քարտով:









































