Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան Հելսինկիից Օուլու ողջ թռիչքի ընթացքում նստել է զուգարանախցում՝ ինքնաթիռում նստելատեղերի պակասի պատճառով: Այս մասին հայտնում է Helsingin Sanomat-ը:
Թերթի տեղեկությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել դեռ նոյեմբերի 7-ին: Սիպիլյան մասնակցել է սոցիալական ապահովության և առողջապահության բարեփոխումներին նվիրված բանակցություններին, ինչը ձգվել է ողջ գիշեր: Նա բաց է թողել Օուլու մեկնող բոլոր չվերթները, որտեղ պատրաստվում էր ուղևորվել կնոջ հետ:
Արդյունքում Սիպիլյան անսովոր լուծում է գտել: Նա Օուլու է մեկնել վաղ առավոտյան փրկարարական ծառայության ինքնաթիռով: Սակայն քանի որ ինքնաթիռի մեջ միայն մեկ ազատ նստելատեղ է եղել, նա այն զիջել է կնոջը, իսկ ինքը՝ վարչապետը, ամբողջ ճանապարհն անցկացրել է զուգարանում:








































