Եվրամիությանն անհրաժեշտ է ստեղծել սեփական բանակը: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան- Կլոդ Յունկերը Բրյուսելում, հայտնում է TASS-ը:
«Ես ասացի, որ հանդես եմ գալիս եվրոպական բանակի ստեղծման օգտին, և ենթարկվեցի քննադատության: Այժմ դա ակնհայտ է, և մենք պետք է շատ ներդրումներ անենք, որպեսզի ստեղծենք իրական եվրոպական պաշտպանական քաղաքականություն»,- ասել է նա:
Յունկերը նաև նշել է, որ ԴԱԻՇ-ը Եվրոպայի համար առաջին թշնամին է և հայտնել, որ նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ համամիտ է այն հարցում, որ ԴԱԻՇ-ն աշխարհի ամենամեծ սպառնալիքն է:
Յունկերի խոսքերով` երկրները պետք է միավորեն իրենց բոլոր պաշարները և ջանքերը ԴԱԻՇ- ի դեմ պայքարելու համար: Նա նշել է, որ այդ հարցում կարևոր է հատուկ ծառայությունների սերտ համագործակցությունը: Սակայն, չպետք է խառնել ահաբեկչության խնդիրը միգրացիոն ճգնաժամին:
Նա նաև նշել է, որ առանց Ռուսաստանի անհնար է Եվրոպայում անվտանգություն կառուցել: «Չի կարող լինել ոչ մի անվտանգություն Եվրոպայում առանց Ռուսաստանի»,- ասել է Յունկերը և ավելացրել, որ ԵՄ-ն, Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է համագործակցեն ահաբեկչության դեմ պայքարում:










































