Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններից 16 օր անց առաջին անգամ հայտնվել է տեսախցիկների առջև։
Այդ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում ԱՇԿ-ի պատգամավորների թիվը նվազել է կրկնակի՝ 80-ից մինչև 40-ի։ Բահչելին հայտարարել է, որ երեկ հանդիպել է Թուրքիայի նահանգներում ԱՇԿ-ի մասնաճյուղերի ղեկավարների հետ և աջակցություն է ստացել նրանցից։ Նա ընդգծել է, որ առաջիկայում կգումարվի կուսակցական կոնգրես։
Բահչելին խոսել է նաև Իգդիրից ընտրված նախկին պատգամավոր, հայտնի հայատյաց Սինան Օղանի շուրջ դեպքերի մասին։ Նոյեմբերի 1-ի ընտրություններից առաջ Սինան Օղանին հեռացրել էին ԱՇԿ-ի շարքերից, սակայն նրան հաջողվել է նոյեմբերի 2-ին դատական որոշմամբ վերականգնվել ԱՇԿ-ի շարքերում, և հայտարարել է, որ արդարությունը հաղթանակել է։
Բահչելին զարմանք է հայտնել, որ դատարանը նման որոշում է կայացրել՝ ընդգծելով, որ այդ որոշումը որակում է որպես քաղաքական որոշում։ Նա հավելել է, որ դատարանի այդ որոշումը պատահական չի համարում և կարծում է, որ Սինան Օղանը պալատական նախագիծ է։
Հիշեցնենք, որ Սինան Օղանի անունը շրջանառվում է Բահչելիին փոխարինողների թվում. վերջին շրջանում նա աչքի է ընկնում Բահչելիին կտրուկ քննադատելով։
Սինան Օղանն ԱՇԿ-ի շարքերից հեռացվեց օգոստոսի վերջին՝ կուսակցության կանոնադրության մի շարք կետերը խախտելու համար։ Բահչելին հունիսի 7-ի ընտրություններից առաջ Սինան Օղանին չէր ընդգրկել ԱՇԿ ընտրացուցակում, ինչը հանգեցրել էր նրան, որ ԱՇԿ-ն պարտվեց Իգդիրի նահանգում, որտեղից սերում է Օղանը, և որում ԱՇԿ-ն հաղթել էր 2011 թվականի ընտրություններում՝ հավաքելով քվեների 34%-ը։ Հունիսի 7-ին ԱՇԿ-ն (առանց Սինան Օղանի) Իգդիրում հավաքեց քվեների 26%-ը, իսկ նոյեմբերի 1-ին (երբ Օղանն արդեն հեռացվել էր ԱՇԿ-ից)՝ 12%-ը՝ երկու դեպքում էլ չստանալով պատգամավորական մանդատ։ Մինչդեռ ԱՇԿ-ն 2011թվականի ընտրություններում հաղթել էր միմիայն Իգդիրի նահանգում։
Սինան Օղանն արդեն հայտարարել է, որ եթե իրեն ընտրեն ԱՇԿ-ի նախագահ, ապա մեծ փոփոխություններ կկատարի կուսակցությունում, և ԱՇԿ-ն 2019 թվականի խորհրդարանական ընտրություններում կհավաքի քվեների 25-30%-ը, իսկ 2023 թվականին (ԹՀ հիմնադրման 100-ամյակ) ընտրություններում՝ 40%-ը և կստանա միակուսակցական կառավարություն։









































