Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ ընթանում է Արսեն Հ.-ի գործի դատական քննությունը:
52-ամյա Արսենը մեղադրվում է իր դուստրերին մի քանի դրվագով սպանության սպառնալիքներ տալու համար:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունիսի սկզբներին՝ քննությամբ կոնկրետ օրը չի ճշտվել, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, Երևանում իրենց կողմից ժամանակավոր զբաղեցված բնակարանում վիճաբանության մեջ է մտել իր դստեր՝ Լ.-ի հետ: Նրա հասցեին տվել է հայհոյանքներ:
Լիանան փորձել է հանգստացնել հորը, սակայն նա իր մյուս դստեր՝ Ա.-ի ներկայությամբ վերցրել է կացինը, մատով սրբել է կացնի բերանը, Լ.-ին հայտարարել է. «Տեսե՞լ ես՝ ոնց ա թռչում մարդու գլուխը, էդպես էլ քո գլուխն ա թռչելու»:
Ըստ մեղադրանքի՝ Արսեն Հ.-ն կոնկրետ, «առարկայական» սպանության սպառնալիք է տվել դստերը՝ Լ.-ին: Վերջինս վախեցել է հոր սպառնալիքներից, իրական վտանգ է զգացել:
Բացի այդ, հունիսի 21-ին, առավոտյան ժամը 6-ին իրենց գյուղական տանը Արսենը վիճել է նախկին կնոջ՝ Ս.-ի հետ, որի ընթացքում ոտքով հարվածել է կնոջ… ձախ այտին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Մեկ ամիս անց՝ հուլիսի 21-ին, ժամը 20-ի սահմաններում, ըստ մեղադրանքի՝ Արսենը դստեր՝ Լ.-ի հետ վիճաբանության մեջ է մտել իրենց գյուղական տան նկուղում:
Դստեր փախուստը նկուղից կանխելու համար Արսենը, ըստ մեղադրանքի՝ «մարմնով փակել է ելքի դուռը… սպառնալիքների ազդեցության տակ դստերը հարկադրել է մտնել նկուղային հարկի խորքի մութ, մեկուսի սենյակ: Մեկուսացված այդ սենյակում դստեր հասցեին տվել է հայհոյանքներ, սպանության սպառնալիքներ՝ ասելով, թե ոչնչացնելու է, գլուխը պոկելու, սպանելու է…»:
Արսենի դուստրն այնքան իրական է համարել վտանգը, որ… ուշագնաց է եղել…
Բացի դրանից՝ օգոստոսի 3-ին, ժամը 22-ի սահմաններում Արսեն Հ.-ն, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, Երևանում իրենց ժամանակավոր զբաղեցրած բնակարանում վեճի մեջ է մտել իր դուստր Ա.-ի հետ, հայհոյանքներ է տվել: Դուստրը դուրս է եկել բակ՝ վեճից խուսափելու համար:
Այդ ժամանակ Արսեն Հ.-ն վերցրել է խոհանոցային դանակը, դստեր հետևից դուրս է եկել: Դուստրը փախել է, Արսենը հետապնդել է նրան ու սպանության սպառնալիքներ է տվել…
Արսեն Հ.-ն նախկինում դատված է եղել:
Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:









































