Բրիտանացի հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը, որ Փերինչեքի դատավարության ժամանակ ստանձնել էր Հայաստանի պաշտպանությունը, Լոս Անջելեսում հանրային հեռուստատեսության մի թղթակցի հետ զրույցում հայտնել է, թե հայերը կարող են դատարան դիմել Գերմանիայի դեմ հայցով, այն հիմքով, որ այդ երկիրը աչք փակեց Ցեղասպանության առաջ և այդպիսով մեղսակից դարձավ:
Նա հավելել է, որ ինքը վաղուց էր ակնկալում, որ հայերը հատուցման գործընթաց կնախաձեռնեն, ապա նաև մատնանշել է, իր կարծիքով, այդ գործընթացի արդյունավետ ուղիները: «Ես ժամանակին մեղադրում էի հայերին, որ հատուցման քայլերի չեն դիմում։ Այս ապրիլին Կիլիկիայի կաթողիկոսությունը վերջապես դիմեց Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ եկեղեցապատկան գույքը վերադարձնելու պահանջով, որ թուրքերը ապօրինաբար խլել են 1915-ին՝ Ցեղասպանության ժամանակ։
Դա սկիզբն է։ Կարծում եմ, որ հաջողությամբ կպսակվի։ Իսկ հատուցման գործընթացի ապագա հաջողության համար կարելի է կիրարկել նաև Ցեղասպանության միջազգային համաձայնագիրը՝ փաստարկելով, որ դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր»,- նշել է նա:
Ռոբերթսոնի կարծիքով՝ հայերը կարող են դատարան դիմել Գերմանիայի դեմ, որովհետև «Գերմանիան մեղսակից էր, քանի որ աչք փակեց ցեղասպանության առաջ։ Կարող էր կանխել, բայց չարեց։ Այդ նույն հիմքով Սերբիան դատապարտվեց Սրեբրենիցայի ցեղասպանության համար, քանի որ Միլոշևիչը գիտեր՝ ինչ էր կատարվում, և ոչինչ չարեց։ Այնպես որ՝ կարելի է լրջորեն մտածել այս ուղղությամբ»,- նշել է նա:
Թղթակցի դիտարկմանը, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի հիմնական երկրներից է, որի հետ գործընկերությունը կարևոր է Արևմուտքի համար, Ռոբերթսոնը պատասխանել է. «Անժխտելի է Թուրքիայի արժեքը Արևմուտքի համար, սակայն պատմական փաստերը ամեն ինչից վեր են։ Թուրքիան կարող է իր օդանավակայանները փակել Դաշինքի երկրների առջև, եթե նրանք ճանաչեն Ցեղասպանությունը, բայց պատմական փաստերն անժխտելի են»։
Ռոբերթսոնը հավելել է, որ ճիշտ այդ պատճառով էլ իր գիրքը վերնագրել է «Անպատեհ ցեղասպանություն», քանի որ Հայոց ցեղասպանությունը անպատեհ, դժվար կացության է մատնում Արևմուտքին:








































