Հայ վարորդներին հերթական տհաճ անակնկալն է սպասվում, շուտով կարող են հետ վերադառնալ այն ժամանակները, երբ մարդիկ տեխզննման կտրոն ստանալու համար պետք է ոչ միայն գույքահարկ և տեխզննման համար վճարեին, այլ հավելյալ 10 հազար դրամ էլ՝ տեխզննման կետերին, որպեսզի նրանք համարեին, որ մեքենան տեխնիկապես անթերի է և ենթակա է շահագործման:
Երեկ դրա մասին ավետեց Կապի և տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ով մասնակցում էր ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին: Ի դեպ, այդ նիստի ժամանակ քննարկվում էր տեխզննումը ընդհանրապես հանելու կամ գոնե երեք տարին մեկ իրականացնելու պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը:
ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի և ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի հետ խորհրդարան է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության ապահովման մասին» օրենքում: Նախագծի հեղինակներն առաջարկում են մասնավոր մեքենաների տեխնիկական զննությունը կատարել ոչ թե տարին մեկ անգամ, ինչպես այժմ է, այլ երեք տարին մեկ անգամ, և բացի այդ տեխզննության կտորնները չփակցնել մեքենաների դիմապակուն:
Նախագծի հեղինակ Հովհաննես Մարգարյանը իր նախագծի էությունը բացատրում է շատ պարզ. մեքենաների առնվազն 90 տոկոսը իրականում տեխզննում չեն անցնում, և տեխզննման կտրոնները նրանց վաճառվում են բանկերում: Ի՞նչ իմաստ ունի ստիպել հարյուր հազարավոր մարդկանց վճարել մի ծառայության համար, որն իրականում չի էլ մատուցվում, և բացի այդ, մարդկանց տուգանել 50 հազար դրամ չմատուցված ծառայության համար չվճարելու համար: Հովհաննես Մարգարյանը օրինակ է բերում Վրաստանը, որտեղ արդեն 10 տարուց ավելի տեխզննության պարտադրանքը վերացել է, և դրանից ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը 25 տոկոսով նվազել է, իսկ մահացու ելքով պատահարների քանակը նվազել է ավելի քան 35 տոկոսով:
Մարգարյանի նախագծի հետ համաձայն չէ կառավարության տեսակետը ներկայացնող փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը, իհարկե, չի կարող պնդել, որ մեքենաների տեխզննություն իրականացվում է, բայց նա հիշեցնում է, որ Վրաստանում տեխզննության կտրոնների տրամադրումը վերացվել է Սաակաշվիլիի իշխանության օրոք՝ 2004թ. կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու համար: Բայց այս տարվա փետրվարին այդ երկրի խորհրդարանը որոշում է ընդունել նորից անցնել մեքենաների տեխզննություն, բայց միայն 2017թ. դեկտեմբերի 31-ից հետո, ստացվում է 2018թ.: Այսինքն՝ ոչ մի կոնկրետ փաստարկ հօգուտ Հայաստանում տեխզննության իրականացման, բացի նրանից, որ Վրաստանում որոշել են հետ գնալ նախասաակաշվիլիական տարիները և այն էլ 2018թ., բայց թե այդ ժամանակ ինչ կլինի՝ դժվար է ասել: Ավելի քաղաքակիրթ աշխարհի՝ ԱՄՆ-ի փորձից տեղյակ ԲՀԿ ական Աբրահամ Մանուկյանն ասում է, որ ԱՄՆ-ում ևս տեխզննություն չկա, և ընդհանրապես մեքենայի ապահովագրությունից բացի, ուրիշ բան չկա, բայց դա մեզ համար չէ:
Չնայած այս փաստարկներին, հանձնաժողովը ոչ միայն մերժեց Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի և Հայկ Բաբուխանյանի ներկայացրած նախագիծը, այլ նաև պարզ դարձավ, որ եթե Վրաստանը գնում է նախասաակաշվիլիական ժամանակներ, ապա Հայաստանն էլ պատրաստվում է գնալ մինչև Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակները: Կապի և տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը տեղեկացրեց, որ շուտով իրենք ներկայացնելու են առաջարկ, որ տեխզննության կտրոնները տրվեն տեխզննության կետերի կողմից:
Այդպես էր մինչև Տիգրան Սարգսյանի վարչապետությունը, երբ վարորդները գույքահարկի և տեխզննության մուծումները կատարելուց հետո գնում էին տեխզննության կետեր՝ իբրև թե մեքենաների տեխզննություն իրականացնելու համար: Եվ այդ կետերի աշխատակիցներն էլ 5-10 հազար դրամ էին շորթում, որպեսզի համարեն, որ մեքենան ենթակա է շահագործման: Տիգրան Սարգսյանը այդ դրամաշորթությունը վերացնելու համար տեխզննության կտրոնների վաճառքը հանձնեց բանկերին, և տեխզննության կետերը մնացին անգործ:
Պարզ է, որ տեխզննության կետերը հիմա էլ իրական տեխզննություն չեն իրականացնելու, բայց կտրոնի դիմաց գումար հաստատ պահանջելու են: Իսկ եթե հանկարծ որոշեն իսկական տեխզննում իրականացնել, ապա Հայաստանի մեքենաների 50 տոկոսը, հատկապես խորհրդային արտադրության, կճանաչվեն խոտան:
Կստացվի, որ Հայաստանում գյուղացիությունը և առավել աղքատ խավերը կզրկվեն մեքենա ունենալու և վարելու իրավունքից: Չնայած դա էլ է տարբերակ:










































