Մյանմայում (նախկին Բիրմա) նոյեմբերի 8-ին խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Այս իրադարձությունը շատերը պատմական են անվանում. առաջին անգամ իշխանության՝ ռազմականից քաղաքականի անցնելուց հետո ընտրություններին մասնակցում է նաև ընդդիմությունը, որը իրական հնարավորություն ունի հաղթելու, գրում է TASS-ը:
Մի շարք դիտորդների կարծիքով՝ հիմնական քաղաքական հակառակորդները երկու կուսակցություններ են՝ Զարգացման և համագործակցության միացյալ կուսակցությունը և Ժողովրդավարության ազգային լիգան, որը ղեկավարում է Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին: Ներկա ընտրությունները նաև նախագահական մրցավազքի սկիզբ կլինեն:
Մյանմայում ընտրելու իրավունք ունի 32 մլն մարդ: Բացվել են ավելի քան 40 հազար ընտրատեղամասեր: Անվտանգության նկատառումներով, երկրի հյուսիսում և հարավ-արևելքում գտնվող Քաչին և Քարեն նահանգների 400 բնակավայրերում ընտրատեղամասեր չեն բացվել, քանի որ այնտեղ գործում են կանոնավոր բանակի դեմ, արդեն 10 տարի շարունակ ապստամբող ուժերը:










































