ԱՄՆ իշխանությունները երկու հանրապետականների, ովքեր համարվում են ԱՄՆ նախագահական ընտրարշավի ֆավորիտներ՝ գործարար Դոնալդ Թրամփին և նախկին նյարդավիրաբույժ Բեն Կարսոնին, պետական թիկնազոր են տրամադրել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ներքին անվտանգության դեպարտամենտի մամլո քարտուղարին։
Նշվում է, որ թիկնազորը տրամադրվել է դեպարտամենտի և Կոնգրեսի խորհրդատվական խորհրդի քննարկումների արդյունքում։
Երկու թեկնածուները պաշտոնապես թիկնազոր էին խնդրել շուրջօրյա ռեժիմով։ Նրանց անվտանգությունը կապահովեն մոտ 300 գործակալներ Գաղտնի ծառայությունից՝ գերատեսչություն, որը պատասխանատու է նախագահի և առաջատար քաղաքական գործիչների անվտանգության համար։
Երկու հանրապետականները նախագահի պաշտոնի առաջին հավակնորդներն են, ովքեր անվտանգության ապահովման խնդրանքով դիմել են Գաղտնի ծառայությանը։
Դեմոկրատների ֆավորիտ Հիլարի Քլինթոնն արդեն ապահովված է թիկնազորով, քանի որ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կինն է։









































